26.11.2024
Արդեն 7 ամիս է. միջազգային հանրությունը այդպես էլ չապահովեց իր հումանիտար մուտքը ԼՂ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովն ավարտեց արտահերթը. ո՞ր նախագծերն են ընդունվել

Հուլիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը:


Քննարկվել է ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի` 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր` պայմանավորված տարվա եղանակային պայմաններով եւ սակավաջրությամբ:


Առաջարկվել է նախագծում առկա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» օպերատորի նշումը փոխարինել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ նշումով:


Նախագծի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:


Քննարկվել է պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկներով, սակայն բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:


Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը: Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:


Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո փոփոխության չէր ենթարկվել նաեւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առողջապահության բնագավառում բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների (միավորումների) դերի հզորացում, ինչն ընդհանուր առմամբ կնպաստի բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ինստիտուտալիզացվելու է նաեւ ասոցիացիաների համագործակցությունն Առողջապահության նախարարության հետ: Ասոցիացիաները սկսելու են համագործակցել նախարարության հետ:


ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության կարծիքը նախագծի վերաբերյալ դրական էր:


Երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Հայաստանում որոշակիորեն կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը: Առաջարկվող կարգավորումներով ներմուծվող դեղամիջոցը կօտարվի ներմուծման հավաստագրի (համապատասխանության)` նմուշառման եւ փորձագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո` նպաստելով ՀՀ-ում շրջանառվող դեղերի անվտանգության բարձրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ փոփոխությունների առաջարկություններ չեն ներկայացվել:


««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմանական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի, օրենսդրորեն կհստակեցվեն օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլեւս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձեւակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են փոփոխություններ նոտարի գործունեության կասեցման վերաբերյալ, ինչպես նաեւ նոտարի պաշտոնից ազատելու անհապաղ կատարման դրույթն է սահմանվել, ինչով ավելի հստակեցվել է օրինագիծը:


««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար:


Խորհրդարանը նաեւ քննարկել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում ամրագրվել է, որ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան եւ (կամ) հյուսվածք եւ (կամ) հեղուկ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով ենթակա է պարտադիր ձեւաբանական հետազոտության, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված այն դեպքերի, երբ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:


Գլխադասային` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը:


Կառավարությունը եւս դրական է գնահատել նախաձեռնությունը:


««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:


Առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության կամ նոր երթուղիների հաստատման դեպքում նախատեսել փոխադրավարձի սահմանման պահանջներ: Փոխադրավարձի վերանայման պահանջների հաստատումը կվերապահվի ՀՀ կառավարությանը:


Նախաձեռնության ընդունումից հետո ներհամայնքային փոխադրումներում բնակավայրերի միջեւ մրցույթներ իրականացնելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների չափաքանակը կսահմանվի գործադիրի որոշմամբ:


Զեկուցողի խոսքով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկման ընթացքում ներկայացվել են տեխնիկական առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել է:


Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխանեցված տրանսպորտային միջոցներ ունենալուն` պատգամավորը նշել է. «Հաշվի առնելով մեր հնարավորությունները` պետք է ձգտենք, որ ՀՀ-ում բոլոր տրանսպորտային միջոցները 100 տոկոսով համապատասխանեցված լինեն բոլոր քաղաքացիների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին»:


Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել:


Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:


Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:


Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: