Այն, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող դիվերսանտների արտահանձնումը Ադրբեջանին հայկական կողմից կլիներ մարդասիրական ժեստ, արտահայտում է բացառապես պաշտոնական Բաքվի շահերը: Նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ փետրվարի 18-ին Երևանում հնչեցված կոչին, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հանձնումը Ադրբեջանին մարդասիրական ժեստ կհամարվեր։
Փետրվարի 17-ին փոխպետքարտուղարը Բաքվում Նուլանդը հայտարարել էր նաև, որ Երևանում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկելու է անցած տարի Ղարաբաղում ձերբակալված և հետագայում ղարաբաղյան դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ադրբեջանցիների` Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի ճակատագիրը: Անդրադառնալով այս հարցին՝ Վիկտորիա Նուլանդն արդեն Երևանում սարսափելի հանցագործություն որակեց կատարվածը, միաժամանակ կրկնեց իր կոչը՝ կալանավորվածներին Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ:
«Այո՛, ես խոսել եմ նաև այն սարսափելի հանցագործության մասին, որը կատարվել էր: Ակնհայտ է, որ դա հանցագործություն էր, սակայն դրանով հանդերձ, մենք կոչ ենք անում համապատասխան իշխանություններին, կատարել այն մարդասիրական ժեստը, որի մասին ես խոսել եմ մամուլի հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ», - ասաց նա: Հիշեցնենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ «ադրբեջանական դիվերսանտների» հարցը պետք է քննրակել միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, քանի որ հանցագործները դատապարտվել են հենց Արցախի օրենքներով:
Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ը երբևէ նման հարցերի համար որևէ նախադեպային կոչ, հայտարարություն արե՞լ է, օրինակ՝ Սաֆարովին արտահանձնելուց հետո, քաղաքագետը նկատեց. «Իհարկե չի եղել նման հայտարարություն, և բոլորս հասկանում ենք, որ Վիկտորիա Նուլանդի նման հայտարարությունները արտահայտում են բացառապես պաշտոնական Բաքվի շահերը: Որովհետև, եթե խոսենք նախադեպերի մասին, բոլորս հասկանում ենք, որ նման նախադեպ՝ հումանիտար մոտեցում այդ կարգի հանցագործների հանդեպ երբևիցե դեռ ոչ մի մեկը չի ունեցել», - տեղեկացնում է tert.am-ը:
Այնպես որ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ նման պահանջ դնելը կամ նման խնդրանքով հանդես գալը, խոսում է Վիկտորիա Նուլանդի՝ քաղաքականության մեջ ոչ բարոյական սկզբունքների մասին:
Հարցին, թե ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, և ինչու՞ է, ուրեմն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն առաջնորդվում պաշտոնական Բաքվի տրամադրություններով, քաղաքագետը նախ համաձայնեց, որ վերջին 1-1.5 տարիների Հարավայի Կովկասում քաղաքական զարգացումների նկատմամբ ԱՄՆ-ի հետևողականության թուլացման արդյունքում խնդիրներ էին առաջել երկու երկրների իշխանությունների միջև: «Ընդհուպ մինչև միմյանց բռնապետ կոչել, անգամ պետքարտուղար Ջոն Քերին շատ կոշտ հայտարարություններ արեց, բայց ակնհայտ է, որ հիմա ԱՄՆ-ը փորձում է շտկել իրավիճակը, և ըստ երևույթին տրվել են Ադրբեջանի լոբբինգին, որն իրականացվում է բոլոր երկրներում»,-ասաց նա՝ նշելով, որ դրա բաղադրիչներից մեկն էլ հանցագործների հանձնման կոչն է: