Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը հիմնավոր չի համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար ներկայցրած հայտը:
Ընկերության
ներկայացրած հայտով առաջարկվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի գործող ցերեկային սակագինը մինչև 58.93 դրամ՝ մեկ կվ/ժամի համար, 41.85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը 31.85 դրամի փոխարեն սահմանել 48.93 դրամ: Այսպիսով, նախատեսվում է ցերեկային սակագինը բարձրացնել 40%-ով, իսկ գիշերայինը՝ 53.6%-ով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարաջյանը հայտարարել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է քննարկել իրենց հայտն աշխատանքային 80 օրերի ընթացքում, ինչից հետո հայտը կամ կընդունվի կամ հետ կուղարկվի:
Ներկայցրած հայտերը, նշում է Նազարյանը, որևէ հիմք չեն կարող հանդիսանալ էլեկտրաէներգիայի թանկացման համար: «Ասում են, որ ավելի քան հիմնավորված են այսօրվա հայտերը: Ավելի քան հիմնավորված են ո՞ւմ համար: Ես չգիտեմ` ում համար: Համենայնդեպս` ոչ մեր կառույցի համար: Դրա համար մենք ստեղծված ենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրներին ավելի քան մասնագիտական պատասխան տալ: Համբերե´ք, և դուք այդ պատասխանը կստանաք», - մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Նազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ 2006թ.-ից ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վատ կառավարման և դրամի արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Նախարարը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարի պարտք, իսկ գործող սակագների պայմաններում այդ պարտքերն անհնար է մարել:
«ՀՀ նախագահի և կառավարության դիրքորոշումը կայանում է նրանում, որ անել ամեն հնարավորը, որպեսզի այս տարի բացառել սակագների բարձրացման հետ կապված հարցերը», - նշել էր նախարարը՝ միևնույն ժամանակ չբացառելով հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հանարավորությունը:
Ռոբերտ Նազարյանը վստահեցնում է, որ Հայաստանի քաղաքացին չի վճարելու օտարերկրյա ընկերության՝ վատ կառվարման պատճառով կրած վնասների համար: «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որը առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու», - հայտարարեց նա:
2014 թ-ին էլեկտրաէներգիայի թանկացվումը, ըստ Նազարյանի, տեղի ունեցավ ոչ վատ կառավարման պատճառով առաջացած ֆինանսական ճեղքի փակման համար:
«Այսօր ՀԷՑ-ը ունի 109 մլրդ դրամի պարտավորություններ ֆինանսական: Ի՞նչ է` պետք է այդ 109 մլրդ-ը մենք հաշվի առնենք: Ո´չ: Ընդամենը կան այնտեղ վնասներ, որոնք առաջացել են ձեզ հայտնի պատճառներով: Դրանք են` առաջինը` սակավաջրությունը, մեր կանխատեսումների արդյունքում էներգետիկ բալանսում չհամապատասխանությունը, ատոմակայանի երկարաժամկեt (կանգնեցումը): 37 մլրդ դրամի վնաս է կրել ընկերությունը միայն այս երեք կոմպոնենտից: 109 մլրդ-ից հանեք 37 մլրդ-ը` տակը կմնա վատ մենեջմենթը: Եթե դուք մեր հաշվարկների մեջ կտեսնեք, որ այդ վատ մենեջմենթի արդյունքում մենք որևէ լումա փոխհատուցել ենք, այդ դեպքում մեղադրեք մեր կառույցին»,- ասել է Ռոբերտ Նազարյանը:
Հայաստանյան մամուլում չեն դադարում հրապարակվել տեղեկություններ առ այն, որ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր
Սամվել Կարապետյանը պատրաստվում է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Սակայն ՀԵՑ-ը ձեռք բերելու համար նա նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմը վերցնի իր վրա: