Իսպանիայի իշխանությունները հակված են կարծելու, որ երկրի տարածքում գոյություն ունի ութ հոգանոց հանցավոր խմբավորում, որը Բարսելոնայում օգոստոսի 17-ին իրականացված ահաբեկչության կազմակերպիչն է: Բացի այս, հանցագործները մտադիր էին այլ ահաբեկչություններ էլ իրականացնել՝ օգտագործելով բութան: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն: Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակին Ֆորնը հայտարարել է, որ քննությունը ուսումնասիրում է վարկածն այն մասին, որ ահաբեկիչները մտադիր էին բութանով կանիստռներ կիրառել նաև Բարսելոնում իրականացված ահաբեկչության ժամանակ: Բութանը անգույն դյուրավառ գազ է, բնորոշ հոտով։ Բութանի ներշնչումը առաջացնում է խեղդոց, սրտի վատ աշխատանք, հալյուցինացիաներ։ Մաշկի վրա հայտնվելով այն կարող է առաջացնել սառեցումներ մինչև -20 °C։ Դյուրավառ է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին երեկոյան Բարսելոնայի սրտում՝ զբոսաշրջային ամենահայտնի Ռամբլա փողոցում, մինիվենը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչություն, որին զոհ է դարձել 13 մարդ: Երկու ահաբեկչությունների արդյունքում ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Ահաբեկչություններից տուժել է 18 պետության քաղաքացի: ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է հայերի առկայության մասին տեղեկատվությունը: Հայտնի է, որ ՌԴ քաղաքացիներ չեն տուժել: Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: