Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մատնանշել է այն միտումներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Ղազախստանը: Դա անկայուն համաշխարհային իրավիճակն է, պատժամիջոցների քաղաքականությունը, որը վարում են համաշխարհային գերտերությունները, ինչպես նաև ծայրահեղականության տարածումը: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անդրադարձել են ոչ միայն Ղազախստանի տնտեսության, այլև քաղաքականության վրա, գրում է Независимая Газета-ն:
Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների՝ արձակուրդից հետո առաջին համատեղ նիստում: Նա անդրադարձել է երկրի ներքին իրավիճակի կարևոր ոլորտներին, տարածաշրջանային իրավիճակին և օրենսդիր մարմնի առաջ 10 ամսվա համար խնդիրներ է դրել:
«Մեր առջև դեռ բազմաթիվ խնդիրներ կան, անհրաժեշտ է օրենսդրորեն ապահովել նախանշված նպատակների հետագա իրականացումը»,- ընդգծել է Նազարբաևը:
«Բարդությունը, սակայն, այն է, որ մեր արդիականացումն ընթանում է բարդ համաշխարհային իրավիճակում»,- հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ գերտերությունների միջև երկխոսությունն ուղեկցվում է պատժամիջոցների քաղաքականությամբ, որը չի կարող չազդել Ղազախստանի վրա:
Ղազախ քաղաքական գործիչ Այդոս Սարիմը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ազդեցությունն են թողել ոչ միայն Ղազախստանի տնտեսության, այլև քաղաքականության վրա:
«Փոքր և միջին բիզնեսն առաջինն են իրենց վրա զգացել պատժամիջոցների ազդեցությունը: Երկրորդ մակարդակը կապված է մեր համաշխարհային շուկաների հետ, մասնավորապես՝ նավթագազային ոլորտի: Պատժամիջոցները կարող են անդրադառնալ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վրա, որով նավթը «Թենգիզ» հանքավայրից հասնում է Սև ծով: Եվ երրորդ համաշխարհային մակարդակը քաղաքականն է: Ղազախստանին ավելի ու ավելի դժվար է վարել այն խաղը, որն անվանվում է բազմավեկտորություն»,- ասել է քաղաքագետը:
Սարիմը նշել է, որ Ղազախստանը հնարավոր է ստիպված լինի, այնուամենայնիվ, ինչ-որ պահի ընտրություն կատարել:
«Բոլոր դերակատարներն այսպես, թե այնպես որոշակի փուլում սկսում են շատ անհարմար հարցեր դնել: Այդ դաշտում ընտրություն անելը ոչ միշտ է հաճելի և հարմար: Սակայն հենց համատեքստը տանում է նրան, որ այդ ընտրությունն անելն անհրաժեշտ է լինելու: Եվ հնարավոր է՝ Նուրսուլթան Նազարբաևի այցն ԱՄՆ փորձ է մի փոքր օդ շահել բազմավեկտորության պայմաններում ինչ-որ չափով ինքնուրույն քաղաքականություն վարելու համար՝ չանելով հստակ, շեշտադրված ընտրություն»,- ասել է նա լրատվամիջոցին: