ԱՄՆ-ն կփոխի իր համանախագահին ԵԱՀԿ Մինսկի խմբում: Օգոստոսի 28-ից Ռիչարդ Հոգլանդին կփոխարինի Էնդրյու Շեֆերը: Այս մասին հայտնել է անձամբ Հոգլանդը, փոխանցում է Ամերիկայի ձայնը: «Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»: Ինչ վերաբերում է Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող նոր համանախագահին, ապա նա Ռիչարդ Հոգլանդնի խոսքով շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար. «Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»: Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները, հեռանալուց առաջ նշեց դեսպան Հոգլանդը: