Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներ չկան․ Պեսկով
Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներ չկան, բայց արդյունքի ուղղությամբ ընդհանուր կողմնորոշում գոյություն ունի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հինգշաբթի՝ Արեւելյան տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է, որ ինքը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել են, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է իրենք ստորագրեն։
«Այստեղ ժամանակային շրջանակ չի կարող լինել, դա շատ բարդ, շատ զգայուն հարց է։ Ռուսաստանն ու Ճապոնիան վստահաբար վստահության մեծացման, փոխշահավետ համագործակցության ճանապարհով են ընթանում, ինչն, իհարկե, չի կարող չնպաստել խաղաղության պայմանագրի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը։ Այդ պատճառով այս հարցում ինչ-որ ժամկետներ չկան, բայց դրա արդյունքի հետ կապված ընդհանուր կողմնորոշում կա»,-ասել է Պեսկովը՝ խաղաղության պայմանագրի կնքելու մասին ժամկետների վերաբերյալ հարցին պատասխանելով։