Ուկրաինա անցնելու «էխոն». Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ, հայտնում է gazeta.ru-ն՝ գերատեսչության թվիթերյան էջում տեղ գտած հայտարարությանը հղումով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ «Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի տեղափոխում»։ Աղբյուրը հիշեցնում է, որ այդ երկրի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին նախօրեին իր աջակիցների ուղեկցությամբ Լեհաստանի տարածքից մտել է Ուկրաինա՝ ճեղքելով սահմանապահների շրջանը:
Սաակաշվիլիի աջակիցների ու ուկրաինացի սահմանապահների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ուկրաինական կողմից գրանցվել է 11 տուժած:
Հայտնի է, որ միջադեպից հետո Վարշավայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Լեհաստանի արտգործնախարարություն՝ «բացատրություն տալու»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սաակաշվիլին սկզբում փորձել է Լեհաստանից Ուկրաինայի տարածք մտնել ավտոբուսով, բայց հետո մտափոխվել է ու գնացք նստել՝ ցանկանալով խուսափել Ուկրաինայի սահմանապահ ուժերի սադրանքներից: Սակայն Վրաստանի նախկին նախագահին չի հաջողվել խուսափել դեպքերի տհաճ զարգացումից:
Նրանից պահանջել են լքել գնացքը: Ի վերջո, քաղաքական գործիչը գնացել է ոտքով՝ շրջապատված աջակիցներով: Նշվում է, որ ուկրաինացի սահմանապահները չեն կարողացել դիմակայել նախկին նահանգապետին: