Ռուսաստանը երբեք չի ուղարկել հարցում Ադրբեջանի կառավարությանը Բաքվում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևին նշանակելու ագրեման ստանալու համար: Այս մասին ասուլիսում այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, նոր դեսպանը Ադրբեջան կուղևորվի այն ժամանակ, երբ ներկայիս դեսպան Վլադիմիր Դորոխինը կավարտի իր առաքելությունը: «Ես ծանոթ եմ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, թե ՌԴ ԱԳՆ-ն չի ստացել Ադրբեջանից ագրեման Զուևի նշանակման համար իբրև թե վերջինիս ընդգծված պրոհայկական դիրքորոշման պատճառով: Մենք երբեք պարոն Զուևի ագրեման չենք հայցել, բայց ինքնին այս թեման, թե ով, որտեղ ունի կապեր և ինչես է դա անդրադառնում քաղաքականության վրա այնքան էլ չի համապատասխանում ժամանակակից քաղաքակիրթ պահանջներին», — ընդգծել է նախարար Լավրովը: Ավելի վաղ VERELQ-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ասել էր, որ իրենց հանձնաժողովը քննարկում ունեցել է Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանի թեկնածության շուրջ, ընդ որում դա տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին: Բայց ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշմանը այդ թեկնածության մասով, ապա այն իրեն հայտնի չէր: