26.11.2024
Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Գոհ ենք ԼՂ հարցով ակտիվացած բանակցություններից. ՄԽ համանախագահող երկրների հայտարարությունը

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարություն են ընդունել:


Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:


Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ունեն միասնական հանձնառությունը, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:


«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հանդեպ՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու միակ ճանապարհ: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք մեր գոհունակությունն ենք արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ:


Հետագա դադարներն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել տևական համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը: Հղում կատարելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ նախաձեռնելու երկու նախագահների հանձնառությանը՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը:


2016թ-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ կողմերը դիտարկում են հայերի և ադրբեջանցիների միջև մարդկանց միջև վերականգնմանն համանախագահների համանախագահների առաջարկները և աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ ուղղված անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:


Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այս կարևոր հումանիտար քայլերն անհարկի քաղաքականացնելուց: Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տեղական և խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների փոխզիջումները, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ: