Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, նշվել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը կարևոր է տարածաշրջանի կայունության և բարօրության համար։