26.11.2024
Ինչո՞ւ է Մոսկվան զենք մատակարարում և՛ Երևանին, և՛ Բաքվին
21.03.2015
Ինչո՞ւ է Մոսկվան զենք մատակարարում և՛ Երևանին, և՛ Բաքվին

Այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, խնդիր է: Այն կարող է վատ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այդ խնդիրը պետք է լուծում ստանա: Այդ մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում պատասխանելով ռուս լրագրողի հարցին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, ունեն «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՌԴ-ի կողմից Բաքվին վաճառվող զենքի վերաբերյալ հայտարարությանը Alte et Certe վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարումների հետ կապված իրողությունը Մոսկվայում փոքր-ինչ այլ լույսի ներքո է դիտվում: Նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2014 թ.-ին անդրադարձել էր Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցին, որը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան Երևանում անվանել էր "ուղղակի բիզնես": "Մեզ համար դա շատ ցավոտ հարց է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն իր սահմանը պաշտպանելու մեծ կարողություններ ունի", - նշել էր նախագահը: Ըստ Եպիֆանցևի՝ Ռուսաստանում համոզված են, որ եթե Մոսկվան կտրուկ և հրապարակայնորեն հայկական կողմը բռնի, դա միայն կարմատականացնի ղարաբաղյան հակամարտությունը և կզրկի ռուսներին խաղաղարար բանակցությունների շրջանակներում այն կառավարելու լծակներից: Մոսկվան հիշեցնում է Հայաստանին, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է, բայց Ադրբեջանի համար թշնամի չէ: Եպիֆանցևի խոսքով, Ադրբեջանը ո'չ Հյուսիսային Կորեա, ո'չ էլ Սոմալի է: Այն միջազգային պատժամիջոցների ռեժիմի տակ չի գտնվում և իրավունք ունի ցանկացած զենք ձեռք բերել, զանգվածային ոչնչացման զենքից բացի: Քաղաքագետը նկատել է, որ եթե Բաքուն սպառազինություն չգնի Ռուսաստանից, հանգիստ կերպով կգնի այն այլ երկրներից, և այդ առումով որևէ տարբերություն չի լինի, թե ինչ տանկերից են ադրբեջանական զինվորները հայերի ուղղությամբ կրակում: Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ֆինանսական կողմը ևս մեկ` բավական կարևոր հարց է, քանի որ Ռուսաստանը վաճառում է այն շուկայական գներով, նշանակում է`լավ շահույթ ունի դրանից: «Հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր չէ, թե որտեղից է Ռուսաստանը գումարներ վերցնում, որպեսզի անվճար կամ շատ էժան գներով ապահովի հայկական բանակի ժամանակակից սպառազինությամբ լիարժեք ապահովումը, ինչը բխում է Ռազմական համագործակցության վերաբերյալ ռուս-հայկական պայմանագրից: Բայց Ռուսաստանի համար միևնույն չէ: Որպեսզի սեղանին հաց լինի, հարկավոր է սկզբում գումար վաստակել այն գնելու համար»,-հավելել է Եպիֆանցևը: «Ես չէի ասի, որ սա նորություն էր, թերևս նորություն էր այն, որ հանրային մակարդակում նախագահն առաջին անգամ խոսում էր դրա մասին։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ արտգործնախարարն է խոսել դրա մասին և արտասահմանյան թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի համար ցանկալի կլիներ, որպեսզի ՌԴ-ն զենք չվաճառի Ադրբեջանին»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, զենքի մատակարարումը Ադրբեջանին, պայմանավորվածությունը վաղուցվա է, և վերջին շրջանում պայմանավորվածություններ զենքի նման քանակի մատակարարման մասին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկան, չնայած այն բանին, որ Ադրբեջանն անընդհատ բանակցում է և ցանկանում է նոր խմբաքանակ ձեռք բերել։ Հիմա դժվար է ասել, թե Ռուսաստանն իրեն ինչպես կպահի։ «Այն որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, սա նորություն չէ: Ես զարմանում եմ, թե ինչու են լրատվամիջոցները կառչել այս կապակցությամբ Սերժ Սարգսյանիˋ օրերս արված հայտարարությանը», - անդրադառնալով Արարատի ստորոտին կազմակերպված ֆորումի ժամանակ ՀՀ նախագահի ելույթինˋ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ռուսաստանը միշտ էլ հարաբերություններ է ունեցել, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և երկուսին էլ զենք է վաճառել, ինչը նորություն չէ, ուստի խուճապի կարիք չկա: Ինչո՞ւ ոչ ոք չի հիշում նախագահի հնչեցրած այն խոսքերը, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և անվտանգությունը ապահովելու համար այնքան բան է արել Հայաստանի համար, որ ուրիշ ոչ մի երկիր չի արել: Հետսովետական բոլոր երկրներն էլ զենք են գնում Ռուսաստանից, և սա նորություն չէ»,-նկատել է քաղաքագետը: Հայաստանի նախագահի 1991-1993 թթ. խորհրդական Աշոտ Մանուչարյանի կարծիքով, Երևանի համար ավելի շահեկան է, երբ Արդբեջանին զենք է մատակարարում Ռուսաստանը, ոչ թե այլ երկիր: «Ռուսաստանը կարող է վերահսկել սեփական արտադարության սպառազինությունը անգամ իր սահմաններից դուրս: Օրինակ՝ հիշենք 2008 թ. հարավօսեթական պարտերազմը: Այդ ժամանակ Վրաստանը անօդաչու թռչող սարքեր էր ձեռք բերում Իսրայելից: Սակայն երբ սկսվեց պատերզամը, Իսրայելը այդ անօդաչու թռչող սարքերի կոդերը փոխանցեց ՌԴ-ին, որից հետո Վրաստանը չկարողացավ օգրագործել դրանք», - հիշում է Մանուչարյանը: Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ ռազմաստրատեգիական տեսնակյունից ՌԴ-ն, զենքի մատակարարմամբ, ապահվում է Բաքվի սպառազինման ծրագրի որոշակի թափանցկություն: «Զենքի մատակարարումը նշանակում է նաև կադրերի վերապատրաստում, ռազմական տեխնիկայի սպասարկում և պահետսամասերի տրամադրում: Այսինքն՝ Բաքուն կախվածության մեջ է ընկնում Ռուսաստանից բանակի վերազինման հարցում: Ռազմական տեսանկյունից նաև Հայաստանի համար ավելի կարևոր է իմանալ, թե հակառակորդը ինչ զենքով է զինված, քան պատկերացում չունենալ դրա մասին», - նշում են փորձագերները: Լրատվամիջոցների փոխանցմամբ, 2010 թվականից ի վեր Ռուսաստանը ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, որը պատերազմական վիճակում է գտնվում Հայաստանի հետ: Վերջին 9 տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինությունների ներկրման ծավալները ավելացրել է շուրջ 250 տոկոսով: Սա են վկայում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի` SIPRI-ի հրապարակած հերթական տարեկան զեկույցում տեղ գտած տվյալները: «Ադրբեջանը սպառազինությունների 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից», -նշված է զեկույցում: