30.04.2025
Ժակ Ֆոր. Բաքվին պատերազմից հետ է պահում Ռուսաստանը, տնտեսությունը և հեղինակությունը
20.06.2015
Ժակ Ֆոր. Բաքվին պատերազմից հետ է պահում Ռուսաստանը, տնտեսությունը և հեղինակությունը

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումից Ադրբեջանին հետ է պահում տնտեսական և ռեպուտացիոն վնասները, ինչպես նաև Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը՝ Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարի ընթացքում: Նախկին միջնորդը կարծում է, որ էսկալացիայի վտանգը միշտ առկա է, այնուամենայնիվ, նոր պատերազմը Բաքվի համար բավականին ծանր հետևանքներ կունենա ինչպես միջազգային իմիջի, այնպես էլ տնտեսական զարգացման առումներով: «Ոչ մի օտաերկրյա ընկերություն չի ցանկանա ներդրումներ անել պատերազմ վարող երկրի նավթագազային ոլորտ: Կարծում եմ, Բաքվում դա շատ լավ հասկանում են», - նշել է Ֆորը: «Բաքվում նստած են իրատեսները և նրանք հասկանում են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության գործոնի նշանակությունը և Հայաստանում ռուսական բազայի առկայությունը»,- ասել է նա: Մինսկի միջնորդները շատ հաճախ քննադատության են ենթարկվում այն պատճառով, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը՝ թերահավատների կարծիքով, չի տալիս սպասվող արդյունքները: «Սակայն քննադատները պետք է իմանան, որ ճգնաժամային իրավիճակի կարգավորման գործում շատ բան կախված է հենց կողմերից»,- նշել է դիվանագետը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը պարբերաբար աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և ոչ մի առաջարկությունը չի մշակվում առանց նրանց ակտիվ մասնակցության: Խնդիրն ան է, որ այդ առաջարկությունները հետագայում չեն իրականացվում՝ կողմերի միջև վստահության միջավայրի բացակայության պատճառով: Պայմանավորվածություններ ձեռք բերելու անկարողունակության մեջ մեղադրանքները, ռազմական հռետորաբանությունը նեղացնում են փոխզիջման հնարավորությունը: Կարգավորմանը, ըստ նրա, խանգարող մեկ այլ հանգամանք է սպառազինությունների մրցավազքը: Հատկապես ակտիվորեն իր ռազմական ներուժը ամրապնդում է Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: «Բանակցային գործընթացները խաթարում են նաև ներքաղաքական գործընթացները երկու երկրներում էլ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զգուշանում են, որ նրանց բանակցություններում զիջողական դիրքորոշումը անդառնալի վնաս կհասցնի նրանք քաղաքական ռեպուտացիային երկրի ներսում», - նշել է նա: Ֆորի խոսքով այսօր Բաքուն սպասողական դիրքորոշում է որդեգրել՝ հույս ունենալով, որ ժողովրդագրական և տնտեսական տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագայում ավելի կմեծանա և այդ ժամանակ Ադրբեջանը կկարողանա թելադրել իր պայմանները բանակցություններում: Բացի այդ, ըստ Ֆորի, եթե Հայաստանը հանդես է գալիս խնդրի կարգավորման բոլոր երեք հիմնական սկզբունքների՝ ժողովուրդների կամարտահայտութան, զենքի կամ նրա սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության օգտին, ապա Ադրբեջանը հենվում է միայն տարածքային ամբողջականության վրա: