7.05.2025
Պակիստան–Ադրբեջան` «Սպառազինային տանդեմ»
09.11.2016
Պակիստան–Ադրբեջան` «Սպառազինային տանդեմ»

Ադրբեջանի ռազմա–օդային ուժերն ու ՀՕՊ–ը պետք է գնեն չափավոր արժողությամբ արդի համակարգեր, որոնք հնարավոր կլինի ներկրել բավարար քանակությամբ ու որոնք կախված չեն լինի որևէ երկրի պատժամիջոցներից, փոխանցում է azeri.today–ը։ Պակիստանն ունի հիանալի JF-17 Thunder կործանիչ, որն արտադրվել է չինական Chengdu ընկերության հետ համատեղ։Այն ունի լավագույն շահագործման պայմաններն Ադրբեջանի պես երկրի համար, որը բանակցություններ է վարում չկարգավորված հակամարտությունների շուրջ ուժի տեսանկյունից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն աշխատում է 200, 300 և 500 կմ հեռահարության օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ ձեռք բերելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ ինտենսիվ բանակցություններ են տարվում նաև Պակիստանի հետ, գրում է «Նեզավիսմայա գազետա»-ն։ Բաքվի և Իսլամաբադի միջև ռազմական համագործակցության համար նոր խթան է հանդիսացել Բաքու Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի, իսկ անցած ամիս նաև երկրի վարչապետ Մուհամեդ Նավազ Շարիֆի այցերը։ Ինչպես գրում է թերթը, այս մասին հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետի հետ բանակցություններից հետո։ Օրերս կայացել է նաև ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի 7-րդ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր: «Նեզավիսմայա գազետա»-ն նշում է, որ Ադրբեջանը հեռահար բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ է վարում ոչ միայն Պակիստանի, այլ գրեթե բոլոր այն երկրների հետ, որոնք ունեն երկրին հետաքրքրող ռազմական բնութագրով բալիստիկ հրթիռների արտադրության փորձ: Այս կոնտեքստում Ադրբեջանը հաջող համագործակցում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի և Իսրայելի հետ՝ գրում է թերթը։ Վերջերս տեղի ԶԼՄ-ները հաղորդել են նաև այն մասին, որ Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը նախատեսված է չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար։