Ադրբեջանում չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ջոն Քերրիի արած հայտարարությունը։ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ»,– ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, փոխանցում է ԱՊԱ–ն։ Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։ «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ–ն պարզաբաներ Ջոն Քերրիի հայտարարությունն այնպես, որ յուրաքանչյուրն այն հասկանար»,– ասել է Մամեդովը։