Brookings Institution-ի փորձագետ Ֆիոնա Հիլին առաջարկվել է զբաղեցնել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի եւ Ազգային անվտանգության Խորհրդում Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։
Ինչպես գրում է Foreign Policy ամսագիրը, Դոնալդ Թրամփի այդ որոշումը կստանա ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների եւ դեմոկրատների հավանությունը։ Ամերիկյան ԶԼՄ-ները Ֆիոնա Հիլին բնութագրում են հիմնականում որպես «Պուտինի քննադատ»։
Մեդիամաքսը նշում է, որ նա այն եզակի ամերիկյան փորձագետներից է, ով լավ ծանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանին եւ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին։
2004 թ. նոյեմբերին Ֆիոնա Հիլն ասել էր, որ Հարավային Կովկասում բացակայում է ընդհանուր օրակարգը, որը կօգներ տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։
«Կովկասում բոլոր խաղացողները միայն սեփական խաղն են վարում։ Շատ հետաքրքիր է համեմատել Կովկասը Բալթյան երկրների հետ, որտեղ տարվել են ու շարունակվում են նույն քննարկումները, ինչպես Կովկասում՝ Եվրոպային ինտեգրվելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մասին եւ այլն։ Բալթյան երկրները հաջողությամբ լուծել են այդ հարցերը, քանի որ միասին էին գործում։ Կովկասում ամեն բան հակառակ կերպ է ընդանում։ Չկա մի ընդհանուր օրակարգ, որը կօժանդակեր տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։ Գլխավոր խնդիրը նրանց միջեւ փոխգործակցության բացակայությունն է։ Ես վստահ չեմ, որ Վրաստանը կարող է կամուրջի դեր խաղալ, կապելով տարածաշրջանի երկրները, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բացասաբար են գնահատում Վրաստանի դերը։ Այժմ մենք ականատես ենք տարածաշրջանի երեք պետությունների մրցակցությանը, ընդ որում, այն տեղի է ունենում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգթոնում», - այն ժամանակ ասել էր Հիլը Washington ProFile-ին տված հարցազրույցում։
2010 թ․ հոկտեմբերին Ֆիոնա Հիլը հայտարարել էր, որ «ԼՂ հակամարտությունը այսուհետ չի կարելի սառեցված համարել»։ «Ակնհայտ է դառնում, որ կրակոցների ու զոհերի թիվը շփման գծում շարունակում է աճել, իսկ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է նոր պատերազմի։ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման պայմանագրի երկարաձգումը կարող է որոշ չափով զսպող գործոն լինել, սակայն դրան զուգահեռ ՌԴ նախագահը գնում է Բաքու եւ զինում է հակամարտության մյուս կողմը, ինչն էլ ավելի է մեծացնում նոր պատերազմի հավանականությունը», - ասել էր Հիլը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում։
2006-2009 թթ․ Ֆիոնա Հիլը աշխատել է ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդում, որտեղ զբաղվել է Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով։ 2013 թ․ Ֆիոնա Հիլը հրապարակել է «Պարոն Պուտին․ օպերատիվ աշխատակիցը Կրեմլում» գիրքը, որը լրացումներով վերահրատարակվել է 2015 թ․։ Մանրամասները կարող եք կարդալ
այստեղ: