Գերմանիայից Իրան առաջին բեռն է ժամանել նոր մուլտիմոդալ տարանցիկ ուղիով, որը կապում է Իրանն ու Եվրոպան Սև ծովով և անցնում է Հայաստանի տարածքով: Այդ մասին հայտնել է Իրանի տրանսպորտի միջազգային ասոցիացիայի քարտուղար Գոլյամհոսեյն Ամիրին: Հեռանկարում նախատեսվում է, որ այս երթուղին կարող է փոխարինել այն, որն անցնում է Թուրքիայի տարածքով: «Երկու բեռնատար կոնտեյներն Իրան են ժամանել ՀՀ սահմանով: Բեռներն ուղարկվել էին Համբուրգից թուրքականի համեմատ ավելի կարճ ճանապարհով»,-պարզաբանել է Ամիրին, գրում է Iran.ru-ն: «Վերջին տարիներին խնդիրներ են եղել Թուրքիայի տարածքով Եվրոպայից բեռներ փոխադրելիս: Դա ստիպեց մեզ բանակցություններ սկսել մի քանի այլ երկրների հետ այլընտրանքային երթուղիների շուրջ»,-ասել է Ամիրին: Իրանի կառավարությունն անվտանգության երաշխիքներ է պահանջել Թուրքիայից իր բեռնատարների համար, սակայն արդյունքն անբավարար է` վստահություն չկա, որ Թուրքիան ի վիճակի է դադարեցնել բռնությունը: Հետևաբար, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը խորհուրդ տվեց ցամաքային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին խուսափել Թուրքիայի տարածքով անցնող երթուղուց: Նախարարությունը խորհուրդ տվեց 2 այլընտրանքային երթուղի: Մեկը` Հայաստանով դեպի Վրաստան, Սև ծով, իսկ հետո` Ռումինիա կամ Բուլղարիա: Երկրորդն` Ադրբեջանով դեպի ՌԴ ու Բելառուս: «Բեռնափոխադրումների արժեքը նոր երթուղով կարող է 1-2 տոկոսով էժան լինել»,-ասել է Ամիրին: