«Մարատին Բաքվում ծեծել են». Ուելդանովի քույրը հրապարակել է հեռախոսազրույցի ձայնագրությունը
Բաքվում բերման ենթարկված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովին (Գալստյան) բերման երնթարկելուց հետո առաջին օրերին ծեծի են ենթարկել: Այս մասին հայտարարում է Ուելդանովի քույրը` Մարիաննա Միրզոյանը:
Դիմելով VERELQ-ի խմբագրություն նա նշեց, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել եղբոր` Մարատի հետ, որը նշել է, թե հույս ունի, որ առաջիկա օրերին իրեն ազատ կարձակեն կամ կփոխանակեն Ռուսաստան: Հեռախոսազրույցի ընթացքում նա նշել է, որ այլևս չի կարող դիմանալ, հոգեբանորեն ահավոր ճնշված է և եթե մինչև ապրիլի վերջ իրեն ազատ չարձակեն` չգիտի իր հետ ինչ կլինի: Նաև հայտնել է քրոջը, որ այժմ գտնվում է մենախցում` իր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ արձակվեց: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին:
Ուելդանովի հարազատներին ուղղված նամակում ՌԴ-ում Բաքվի դեսպանատունը պարզաբանել էր, որ նրա դեմ գործը զգալիորեն դժվարանում է բերման ենթարկվածի ազգության պատճառով: