Հայաստանի ռուսամետ նախագահը մտադիր է մնալ իշխանության․ Financial Times
Հայաստանի ռուսամետ նախագահը կշարունակի մնալ իշխանության ղեկին, քանի որ նրա կուսակցությունն ամենաշատ ձայներն է հավաքել ընտրություններում: Այս մասին գրում է Financial Times պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին:
«97 տոկոս ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 49.9 տոկոսը կիրակի կայացած ընտրություններին: Ընդդիմադիր դաշինքներից մեկը հավաքել է 27.9 տոկոս»,- ասվում է հոդվածում:
Պարբերականը հիշեցնում է 2015թ. հանրաքվեի մասին, որի արդյունքներով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի. չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը 2018թ. դառնա Հայաստանի վարչապետ:
Սարգսյանի քաղաքական հակառակորդներն ասում են, որ բարեփոխումները ձեռնարկվել են, որպեսզի 62-ամյա նախագահը կարողանա պահել իշխանությունը երկրորդ տասնամյակում, ինչը հնարավոր է կա՛մ դերի փոփոխության՝ վարչապետ դառնալու, կա՛մ հետին պլանում իշխանության միջոցով՝ որպես կուսակցության առաջնորդ:
Վերջին տարիներին Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համար, միևնույն ժամանակ երկիրը հիմնվում է Մոսկվայի ֆինանսական օգնության, ներդրումների, Ռուսաստանի հետ առևտրի վրա: Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով, տուժել է Ռուսաստանի տնտեսության անկման պատճառով. անցած տարի Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 0.2 տոկոսով:
Հոդվածագիրը նշում է նաև, որ Դաշնակցություն կուսակցությունը, որը կոալիցիայի մեջ է գործող իշխանությունների հետ, կրկին հնարավորություն է ստացել մտնել խորհրդարան: Եթե երկու կուսակցությունները համաձայնեն շարունակել համագործակցությունը, ինչն, ըստ ամենայնի, հնարավոր է, Սարգսյանը վարչապետ դառնալու իրավունք կունենա:
Հոդվածագիրը, վկայակոչելով Transparency International իրավապաշտպան կազմակերպությանը, գրում է, որ ընտրություններում տեղ է գտել ավելի քան 2000 խախտում:
«Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն էր առաջարկել կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար, Երևանում ԵՄ ներկայացուցիչներն անցած շաբաթ նախազգուշացրել էին ընտրողներին ահաբեկելու, կաշառելու, որոշ կուսակցություններին աջակցելու նպատակով վարչական ուժերը կիրառելու մասին»,- գրում է հոդվածագիրը:
Հոդվածի վերջում Financial Times-ը հիշեցնում է 2016թ. Հայաստանում տեղի ունեցած ցույցերի մասին և, վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, գրում է, որ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվել է անհամաչափ ուժ, բացի այդ՝ հարձակումներ են տեղի ունեցել անգամ լրագրողների վրա, իսկ ցույցերի առաջնորդների և մասնակիցների դեմ անհիմն քրեական մեղադրանքներ են առաջադրվել: