18.09.2025
ՀԱՊԿ-ում ակտիվորեն քննարկում են Ղարաբաղում խաղաղապահության հարցը. գլխավոր քարտուղար
15.10.2020
ՀԱՊԿ-ում ակտիվորեն քննարկում են Ղարաբաղում խաղաղապահության հարցը. գլխավոր քարտուղար

ՀՊՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Նա այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Սպուտնիկ Բելառուսը»: «Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում», – ասել է գլխավոր քարտուղարը: Ինչպես նշել է Զասը, նա հանգամանալից զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ այն իրավիճակի մասին, որը ստեղծվում է ՀԱՊԿ տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին: Իր հերթին, Բելտա գործակալության հաղորդմամբ, կազմակերպությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումից հետո պաշտոնական դիմումներ ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմիններին հայկական կողմից չեն ստացվել: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ Մշտական խորհրդին ներկայացվել է ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները: Ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն անհանգստություն էր հայտնել հակամարտության սրման կապակցությամբ։ ՀԱՊԿ-ն կոչ է արել հակամարտության կողմերին հասնել խաղաղ կարգավորման և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից: Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նրա նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: