Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին արձագանքը և հավելել.
«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց չհասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը:
Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.
«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:
Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»,- գրել է Մուսինյանը։
Արցախի նախկին նախագահները գրել են, որ պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ են եղել Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել են պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:
«Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ»,- նշել են նրանք։
Նոյեմբերի 29-ին և 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ էր ներկայացրել պատերազմի ընթացքում բանակցային գործընթացից։ Նա անդրադարձել էր Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա նախատեսված այցին, որը տեղի չէր ունեցել։