Քրեական հետապնդում է հարուցվել անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների նկատմամբ. ԱԱԾ
02.12.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել շուրջ 5 տասնյակ անձի նկատմամբ: Ներկայացնում ենք ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:
Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են:
Միևնույն ժամանակ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա փաստական տվյալները վկայում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում ծավալված ռազմական գործողություններին:
Ավելին, քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգերով հետազոտված ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի՝ հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր, իրականացրել բռնի գործողություններ:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ:
Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին»: