24.11.2024
Առաջ են քաշվելու նոր լուծումներ` ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար. նախարար
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտի օդանավակայանը կգործի մոտ ապագայում

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, սակայն չի նշել ամսաթիվը:


«Դժվար է ասել (երբ կաշխատի օդանավակայանը)... շատ մոտ ապագայում, այսպես ասենք», - ասաց Բաբայանը:


Ստեփանակերտի մերձակա օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին։ Հիմնականում չվերթներ են եղել Երեւան եւ Բաքու։ Ղարաբաղյան հակամարտության տարիներին 90-ականների սկզբին օդանավակայանը ծառայել է ռազմական կարիքների համար։


Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման արդեն 2012-ին, սակայն Բաքուն զգուշացրել է, որ Ստեփանակերտ թռիչքները կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում և չի բացառում, որ ինքնաթիռներին կստիպի վայրէջք կատարել: Կանոնավոր քաղաքացիական ավիահաղորդակցություն չի եղել։


Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:


Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում տեղակայել է զինվորական հոսպիտալի մոդուլներ. այն բժշկական օգնություն կցուցաբերի ինչպես խաղաղապահ զորակազմի ծառայողներին, այնպես էլ տեղի բնակիչներին: