Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (1,5 մլն եվրո) ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը օգնելու համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին ստիպել են լքել իրենց տները և մեծ տառապանքներ պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և աջակցում են նրանց, ում ամենից շատ է հարվածել այդ հակամարտությունը», - նշել է նախարարությունը ։ ԱԳՆ ղեկավար Ինե Էրիքսեն Սերյեդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների անվտանգությունն ու անարգել մուտքը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն տարածաշրջանում: «Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին պահպանել հրադադարը և կրկին սկսել բանակցությունները։ Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար», - նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանում եւ Հայաստանում ռազմական դրություն է մտցվել, զորահավաք հայտարարվել։