23.11.2024
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ ռուսական С-400-ների գնման պատճառով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի

Փոխվարչապետ Տգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց:


«Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ 


Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի եւ Կարմիր Խաչի կողմից: Անհետ կորած եւ հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:


Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյան։


Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Այս մասին Ֆեյսբուք իր էջում տեղեկացնում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Սիրելի ՛ հայրենակիցներ


Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:


Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»,-ասված է գրառման մեջ:


Նշենք՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ սպասվում է մեր գերիների առաջին խմբի վերադարձը:


Ավելի վաղ, ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մեկնարկել է գերիների եւ ազատազրկված անձաց փոխանակումը հայկական կողմի հետ։ Ադրբեջան վերադարձված ադրբեջանցի գերիների եւ ազատազրկված անձանց թվում են նաեւ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը: