Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: «Նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ռուսաստանի Նախագահին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և նոր հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի զարգացման և բարգավաճման: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ուշադրության և շնորհավորանքների համար: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը: Իլհամ Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների հետ կապված հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ: