Լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեկտեմբերի 12-ին և 13-ին Բաքվում, դեկտեմբերի 13-ին և 14-ին Երևանում հանդիպել են, համապատասխանաբար, նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ ճանապարհորդելու անկարողության պատճառով, ՌԴ-ն Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի արդունքներով հայտարարության մեջ:
«Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը եւ հայտնեցին գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը ՝ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում խթանելու եւ առկա խնդիրները լուծելու համար:
Համանախագահները պարտավորվել են նաեւ կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ»։
Նշելով զոհերի պատճառ դարձած միջադեպերի մասին վերջերս տարածված հաղորդագրությունները, համանախագահները կողմերին կոչ արեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար` իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան: Համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտել բոլոր ձերբակալվածների փոխանակումը եւ արագացնել աճյունների հայտնաբերումն ու վերադարձը` համաձայնեցնելով ԿԽՄԿ-ի հետ:
Անդրադառնալով Տիրանայում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախարարների դեկտեմբերի 3-ի հայտարարությանը` համանախագահները վերահաստատեցին իրենց միասնական դիրքորոշումը` հօգուտ մնացած հիմնական առանցքային հարցերի համապարփակ եւ կայուն կարգավորման: Համանախագահներն ու կողմերը շեշտեցին սադրիչ հռետորաբանության նվազեցման կարեւորությունը` առավել դրական միջավայր ստեղծելու համար: Համանախագահներն ու կողմերն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կարեւորությունը՝ հակամարտությունից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար»: