23.11.2024
Փաշինյանը համանախագահների հետ հանդիպմանն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը
prev Նախորդ նորություն

Մարդասպանները տանն են. Երևանն ու Բաքուն սկսել են գերիների և պատանդների փոխանակումը

Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:


Նա  չի մանրամասնել, թե քանիսը կվերադարձվի հայրենիք առաջին խմբի կազմում:


Իսկ ահա Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտնում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:


«Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և դեկտեմբերի 14-ին այդ գործընթացը սկսվել է», - ասված է Պետհանձնաժողովի հաաղորդագրության մեջ:


Ըստ այդմ նշվում է, որ դեկտեմբերի 14-ին գերիներ և պատանդներ են տեղափոխվեկ Ադրբեջան, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասքերովը, որոնք դատապարտվել են Լեռնային Ղարաբաղում սպանություն և դիվերսիա կատարելու համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում 2014 թվականին ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումը և սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց և իրականացվել է ազգային և միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել և ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից։


Դիլհամ Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ դիվերսանտ Շահբազ Գուլիև՝ 22 տարի ազատազրկման: