9.05.2026
Հայկական զինուժի դիվերսիայի մասին Բաքվի տարածած լուրն ապատեղակատվություն է. ՀՀ ՊՆ
21.06.2017
Հայկական զինուժի դիվերսիայի մասին Բաքվի տարածած լուրն ապատեղակատվություն է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու մասին տեղեկատվությունը: «Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»: Ադրբեջանական լրատվամիջոցը այս լուրը տարածել էր՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին: ԱՀ ՊԲ՝ ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասվում է հաղորդագրությունում: