Լապշինի գործով դատաքննությունն ավարտվել է. դատախազը պատրաստում է մեղադրական ճառը
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում այսօր շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով դատավարությունը:
ԱՊԱ-ի հաղորդմամբ, դատաքննությունն ավարտվել է: Դատախազը ժամանակ է խնդրել մեղադրական ճառը պատրաստելու համար:
Նշվում է, որ դատական նիստը կշարունակվի հուլիսի 14-ին:
Հիշեցնենք, Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:
Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:
ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: