24.11.2024
Բաքվի սադրանքների նախաձեռնողներն և իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Լապշինի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատական նիստը:


ԱՊԱ-ի հաղորդմամբ, Լապշինի փաստաբանը հանդես է եկել միջնորդությամբ և խնդրել, որպեսզի որպես լրացուցիչ վկա դատարանում ցուցմունք  տա փորձագետ Ալմազ Աբբասովան, որը զբաղվել է Լապշինի հրապարակումների ուսումնասիրությամբ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:


Նշվում է, որ դատական նիստը կշարունակվի հուլիսի 11-ին:


Ավելի վաղ Լապշինը, պատասխանելով դատարանի հարցին հայտնել էր, որ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, բայց իրեն մեղավոր չի ճանաչում.


«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես որպես զբոսաշրջիկ երկու անգամ այցելել եմ Արցախ: Ղարաբաղյան հակամարտության մասին առավել մանրամասն տեղեկացվել եմ մեղադրական ակտից»,- նշել է նա:


Հիշեցնենք, Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:


2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:


Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:


ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: