Պերենջիև. ՌԴ–ն չի կարող կորցնել ռազմական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ
ՌԴ–ի համար Ադրբեջանը բավականին շահավետ գոծընկեր է ռազմական տեխնիկայի գնման ոլորտում։ Այդ մասին Yenicag.Ru–ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։
Նա նշել է, որ Բաքուն ռուսական զենքեր է գնում ավելի բարձր գներով, քան ՌԴ–ի դաշնակիցները ՀԱՊԿ–ի շրջանակներում։ Երկրորդ՝ Ադրբեջանը մշտական գործընկեր է։ Երրրորդ` եթե ՌԴ–ն հօգուտ Երևանի հրաժարվի զենքեր մատակարարել Ադրբեջանին, ապա Բաքուն կսկսի իրեն նոր գործընկերներ գտնել ի դեմս ՆԱՏՕ–ի, իսկ դա նշանակում է, որ ՌԴ–ն կկորցնի ռազմա–տեխնիկական ազդեցությունն Ադրբեջանի վրա։
Ըստ նրա, քանի դեռ Մոսկվան Բաքվին զենք և տեխնիկա է մատակարարում, նա պահպանում է որոշակի վերահսկողություն ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ։
«Եթե Ադրբեջանը դադարի զենք գնել ՌԴ–ից, ապա Բաքուն դուրս կգա Մոսկվայի ազդեցության գոտուց, իսկ դա նշանակում է Հայաստանի համար, որ Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման մասին կարելի է մոռանալ»,–նշել է նա։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը դուրս գա ՌԴ–ի ազդեցության գոտուց դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՌԴ–ի շուրջ կձևավորվի թշնամական կոալիցիա։
«Քանի ՌԴ զենք է մատակարարում Բաքվին, ՀՀ–ի ու Ադրբեջանի հակամարտությունը շարունակում է մնալ երկկողմ»,–հավելել է նա։