Թուրքիայի կենտրոնական բանկն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարել է արտարժութային շուկայում ուղիղ միջամտություններ իրականացնելու մասին՝ դոլար վաճառելով փոխարժեքի «անառողջ գնագոյացման» պատճառով: Թուրքիայի ԿԲ-ն այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ ազգային արժույթը կրկին մոտեցել է $1 դիմաց 14 լիրայի հոգեբանական գծին, Reuters-ին հղումով հայտնում է EADaily-ն:
Թուրքիայի դրամական միավորը Ստամբուլի ֆոնդային բորսայում տեղական ժամանակով 14:30-ի դրությամբ նվազել է 0,7 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 13,85-ի: Անցյալ շաբաթ լիրան արդեն մոտեցել է նշված հոգեբանական նշագծին, որի հաղթահարումը կանխվել է միայն կենտրոնական բանկի կողմից արժութային ինտերվենցիաների միջոցով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 8-ին համաքաղաքացիներին կոչ է արել համբերություն ցուցաբերել եւ վստահել իր կառավարության նոր տնտեսական մոդելին, որի համաձայն առաջնահերթ ուշադրություն է դարձվում ցածր տոկոսադրույքներով պայմանավորված տնտեսական աճին:
Ազգային արժույթի աննախադեպ անկումը պայմանավորված է դրամավարկային քաղաքականության ագրեսիվ թուլացմամբ, որը տնտեսագետները եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները համարում են «անխոհեմ»:
Անցյալ ամսվա արդյունքներով գնաճը հասել է տարեկան կտրվածքով 21,3 տոկոսի՝ երեք տարվա առավելագույնին:
Լիրան մեկը մյուսի հետևեից հակառեկորդներ է սահմանում: Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը, գործելով պետության ղեկավարի ցուցումով, սեպտեմբերից սկսած 19%-ից նվազեցրել է տոկոսադրույքները մինչեւ 15%, չնայած գնաճի արագացմանը, ինչը ներդրողներին եւ որոշ տեղական դեպոզիտների սեփականատերերին դրդել է վաճառել լիրան ֆինանսական անկայունության մտավախությունների պատճառով:
2019 թվականի ամռանից Էրդողանը Թուրքիայի կենտրոնական բանկի երեք կառավարիչներին հեռացրել է դրամավարկային քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Երկրի ղեկավարն այն տեսակետն ունի, որ բարձր տոկոսադրույքները հանգեցնում են ավելի արագ գնաճի, ինչը հակասում է ավանդական տնտեսական մտածողությանը։
Ավելի վաղ Թուրքիայում տարերային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Էրդողանի կառավարության ֆինանսական քաղաքականության դեմ, որը հանգեցրել է լիրայի աննախադեպ արժեզրկման եւ գների աճի: