Նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Արդյունքների համաձայն՝ բավականին համայնքներում Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը պարտվել է:
Այդպես, ՔՊ-ն պարտվել է Աբովյանում, որտեղ ըստ ԿԸՀ նախնական տվյալների, ԲՀԿ թեկնածու, Գագիկ Ծառուկյանի մտերիմ Էդուարդ Բաբայանի օգտին քվեարկել է 5231 ընտրող, իսկ ՔՊ-ի օգտին քվեարկել է 4279 ընտրող:
Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում ՔՊ-ն ևս պարտվել է՝ գործող քաղաքապետի «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքն առաջատար է:
Վեդիում ՔՊ-ն պարտվել է "Հզոր համայնք" կուսակցությանը, որը ստացել է 8668 ձայն, իսկ ՔՊ-ն՝ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 7709 ընտրողի քվե:
Վանաձորում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է՝ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն։
Եղեգնաձորում ևս ՔՊ-ն պարտվել է․ բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «Դավիթ Հարությունյան» դաշինքը:
Արարատի մարզի Մասիս համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: ՔՊ-ն պարտվել է նաև Ապարանում, Գավառում, Վարդենիսում:
Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթել է Աշտարակում, որտեղ իշխող ուժի օգտին քվեարկել է 5504 ընտրող, իսկ մրցակիցները՝ ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը ստացել են 541 և 484 ձայն։ Հրազդանում ևս հաղթել է ՔՊ-ն՝ Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանի գլխավորությամբ:
Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4301 ընտրող։ Վաղարշապատում և Նոյեմբերյանում ևս իշխող ուժը հաղթանակ է տոնում: