24.11.2024
Մամուլ. Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյան-Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը շարունակում է 44-օրյա պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա․ նրանք հերթական օպերացիան են մտածել։ Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին․ մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ: Երեկ տեղեկացանք, որ Արցախի դատախազությունը սա ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին եւ Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել է բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով: Չի բացառվում, որ հերքվեն բլոգերի տեղեկությունները՝ ԱԱԾ-ն քրգործ հարուցելու հիմքեր չտեսնի, սակայն հայտարարությունը մարդկանց մոտ կթողնի տպավորություն, որ ոչ թե քաղաքական իշխանությունն է պարտության պատասխանատուն, այլ՝ գեներալիտետը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։ ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել, խոսք է գնում Իտալիայի, սկանդինավյան երկրների, անգամ Լիտվայի մասին։ Թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, եւ դեսպանից դժգոհություններ կան։ Ի տարբերություն նախկին նշանակումների, Իգիթյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի՝ նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր։ Մինչդեռ վերջին փուլում նշանակված դեսպանները հիմնականում քաղաքական դեմքեր են, որոնց անգամ քաղաքական անվանելն է մեղք։ Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։ Իսկ մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ կոտրելու է նախկին կարծրատիպերը, հրաժարվելու է արատավոր երեւույթներից, երբ դիվանագիտական կրթություն չունեցողները նշանակվում են դեսպանի պաշտոնում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է: «Բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների՝ տարածքից հեռացումն է»,- ընդգծում է օմբուդսմենը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, ՄԻՊ արձանագրում-ահազանգի վերաբերյալ փորձեց Սյունիքի մարզպետարանից մեկնաբանություն ստանալ, մեր փորձերը, սակայն, ապարդյուն անցնան: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մինչեւ աշխատանքային օրվա ավարտն անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին: Մարզպետարանի՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգող ու այս պահին արձակուրդում գտնվող աշխատակիցը հորդորեց գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ կապ հաստատել: Մարտիրոսյանը, պարզվեց, դժգոհ է, որ Թաթոյանի արձանագրումների հետ կապված իրենցից մեկնաբանություն ենք խնդրում: «Այդ մասին չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, թե գործընկերն է ուղղորդել, որ իրեն դիմենք, լակոնիկ պատասխանեց. «Լավ չի արել, էլի»: Խնդրանքին՝ ուղղորդել, թե ինչպես, կապի ինչ միջոցով կարող ենք զրուցել մարզպետ Պողոսյանի հետ, մարզպետարանի գլխավոր քարտուղարը խիստ ավանդական ձեւով արձագանքեց. «Չեք կարող, հարցերը գրավոր ուղարկե՛ք»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հստակեցման կամ, այլ ձևակերպմամբ, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նպատակով առաջիկայում կձևավորվի համապատասխան հանձնաժողով։  «Փաստ» թերթի տեղեկություններով, ձևավորվող հանձնաժողովը, նախնական պայմանավորվածության համաձայն, կգլխավորեն երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները։ Ինչպես նշում են փորձագետներն ու ոլորտի մասնագետները, սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականում իրենից բավական բարդ, երկարատև ու աշխատատար գործընթաց է ներկայացնում։ Մասնագետները նաև նշում են, որ այդ գործընթացը հնարավոր է տևել մի քանի, անգամ մինչև տասը տարի։ Ավելին, կա տարբեր երկրների փորձը, երբ նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքը դեռևս վերջնական արդյունք չի տվել: Մեր աղբյուրի պնդմամբ, կապված եղանակային բարդ ու վատ պայմանների հետ, նախատեսվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքները սկսել 2022 թվականի գարնանը, իսկ ավելի կոնկրետ, ինչպես բառացի փոխանցեց մեր զրուցակիցը, «երբ կսկսվի ձնհալը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը Էկոնոմիկայի նախարարությունում հաշվեքննություն է իրականացրել եւ մի շարք խախտումներ հայտնաբերել: Մեզ հայտնի դարձավ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Խոսքն Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության մասին է, որի ընթացքում ի հայտ են եկել հանցագործության առերեւույթ հատկանիշների կասկածներ պարունակող նյութեր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն եւ խնդրեց մանրամասներ տրամադրել, սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Կոնկրետ ոլորտային ուսումնասիրության հետ կապված նյութեր դատախազությունը Հաշվեքննիչ պալատի կողմից ստացել է, այս պահին պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առողջապահության նախարարության մոտ երեկ բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ հունվարի 1-ից նախատեսվող նոր հակաքովիդային սահմանափակումների։ «Ո՞նց կարող է մարդ հաց ուտելու համար ՊՇՌ թեստ անի կամ պատվաստվի։ 1050 դրամանոց թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է, հանցագործ է։ Մենք ինչքան ժամանակ է՝ մեզ ճղում ենք, որ սրանք գերշահույթ են հետապնդում։ Դուրս եկեք բոլորդ էս շենքից, եկեք, որ մեր հարցերին պատասխանեք, դուք մեր հարկերից աշխատավարձ եք ստանում, պարտավոր եք դա անել»,- ասում էին ակցիայի մասնակիցները։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի երբեմնի տեր ու տնօրեն Սահակյան եղբայրները՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը եւ «Հայդուկ» ՀԿ ղեկավար Նաիրի Սահակյանը, միացել են ՔՊ-ական մարզպետին ու ակտիվ աշխատում են ՏԻՄ-ում ՔՊ-ի թեկնածուների հաղթանակի համար։ Նրանք ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի մարզային շտաբն էին ղեկավարում։ Հիմա Թալինում Տավրոս Սափեյանին են աջակցում, քանի որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է», իսկ Տավրոսի մրցակիցը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի նկատմամբ նրանք վաղեմի թշնամանք ունեն։ Սահակյաններն աջակցում են նաեւ Աշտարակի ՔՊ թեկնածու Թովմաս Շահվերդյանին։ Նրանք կոնսոլիդացրել են իրենց նախկին համայնքապետերին, նախկին քաղաքապետ Սարգիս Արամյանին եւ համակարգում են ձայնահավաքը։


Երբեմնի սրսուռ ՀՀԿ-ականների ակտիվացումը, սակայն, հակառակ էֆեկտ է տվել, ՔՊ-ականներից ոմանք Սահակյանների պատճառով «տակից» աջակցում են Մնացականյանին։ Բնականաբար, Սահակյանը չորով հերքեց, թե աջակցում է ՔՊ-ականներին, ասաց՝ ՀՀԿ-ն թեկնածու չունի, ինքն էլ ներգրավված չէ ընտրապրոցեսին։ Իսկ ինչո՞ւ թեկնածու չունեք, մի ժամանակ պարծենում էիք, թե մարզում սիրված-հարգված եք։ «Դե, էլի սիրված ենք, էլի ազդեցություն ունենք, կգա ժամանակը, էլի թեկնածու կառաջադրենք»։ Իսկ երբ հարցրինք՝ Տավրոս Սափեյանն ինչպիսի քաղաքապետ կլինի, սկսեց նրա գովքն անել․ «Որպես մարդ՝ շատ դրական անձնավորություն է»։ Մարզպետի մասի՞ն ինչ կասեք։ «Շատ դրական եմ մարզպետին ընդունում, ինքը կռված տղա ա, կյանքը տվել ա արցախյան ազատագրական շարժմանը»։ Դուք այլեւս դավանափոխ նախկի՞ն եք։ «Ես հավերժ ներկա եմ ու ապագա»։ Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն։ «Ես ՀՀԿ-ի մարզային պատասխանատուն եմ»։ Իսկ Աշտարակի քաղաքապե՞տը։ «Ինքն էլ ահագին դրական բան է արել, իմ համար կարեւորը կուսակցական պատկանելությունը չի, այլ գործը, աշխատող տղա ա»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ խիստ ուշագրավ պատկեր է ձևավորվել հատկապես Նոր Հաճն խոշորացված համայնքում։ Այստեղ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին և շատ ակտիվ հրապարակային քարոզարշավ է իրականացնում՝ հավասարապես քննադատելով թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և թե՛ տեղական կոռուպցիոն բուրգին։ Նորհաճնեցիների շրջանում համոզմունք կա, որ իշխանությունը Սուրենյանցի դեմ փաստացի առաջադրել է միանգամից երեք ցուցակ: Նախ՝ իշխող ուժը հանդես է գալիս հենց իր՝ ՔՊ-ի «դեմքով»։ Հաջորդը «Գագիկ Մաթևոսյան» դաշինքն է, որն առաջադրել է Նոր Հաճնի քաղաքապետին, որի կազմած ցուցակը, ինչպես Նոր Հաճնում են ասում, ներառում է տեղական կոռուպցիոն բուրգի ներկայացուցիչներին։ Տեղում կես կատակ կես լուրջ ասում են, թե այս միավորը Նոր Հաճնի, այսպես ասած, «Սամվել Բալասանյան» դաշինքն է։ Հաջորդ «անկախ» դիրքերից հանդես եկող ուժը Նոր Գեղիի համայնքապետի անունը կրող «Վարդան Պապյան» դաշինքն է, որին ևս Նոր Հաճնում դասում են «օրիգինալ ընդդիմադիրների» շարքը։ Բանն այն է, որ Վարդան Պապյանը դեռ մեկ ամիս առաջ այս տարածաշրջանի ամենակարկառուն քպականներից էր համարվում, ԱԺ ընտրություններում ղեկավարել է ՔՊ նախընտրական շտաբը ու հարազատ կուսակցությունից իբր «խռովել» է միայն այն պատճառով, որ կարողանա «ինքնուրույն» մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Այս ամենով հանդերձ, Նոր Հաճնի ընտրությունները խիստ ինտրիգային ու անկանխատեսելի են, և չի բացառվում, որ Սուրեն Սուրենյանցի կուսակցությունը բավականին տհաճ անակնկալ մատուցի իր մրցակիցներին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Շատերի կարծիքով, իշխանությունները նման քայլի գնացել են առաջին հերթին այն պատճառով, որ առավել հեշտ կիրառեն վարչական ռեսուրս, ինչը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, ակտիվորեն կիրառվում է: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, իրավապահ մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին, որի ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետը: Մյուս կողմից՝ հարվածի տակ են նրանք, ովքեր չեն կատարում այդ հրահանգները, կամ, ասենք, փողոցում բարևում են այլ թեկնածուների, էլ չենք խոսում ֆեյսբուքյան «անցանկալի» լայքերի մասին: Ի դեպ, արդեն իսկ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ՝ բացառապես քաղաքական նկատառումներով: Ի դեպ, քաղաքում շատերին զվարճացնում է այն հանգամանքը, որ նույնիսկ նախկինում իրականացված կամ ընթացքում գտնվող ծրագրերը մարզպետն ու ընդամենը մեկուկես ամիս պաշտոնավարող քաղաքապետի ժ/պ-ն վերագրում են իրենց: Վանաձորի քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ պարգևավճարների արատավոր պրակտիկան, որը համայնքապետարանում երբեք չի կիրառվել, մուտք է գործել այստեղ Ամանորյա պարգևատրման անվան տակ, բայց... հենց ընտրությունների շեմին: Զուգահեռ, ըստ տեղեկությունների, աջուձախ պաշտոններ են խոստանում մարդկանց՝ ՔՊ-ի օգտին աշխատելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ խոշորացվող համայնքից եկող ահազանգերը չեն դադարում զարմացնել. Տոտալ անիշխանության պարագայում թեկնածուներն անում են այն ամենն, ինչ ուզում են: Երեկ ահազանգ ստացանք, որ Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով հիմա էլ ցանկանում է նախկինի նման «փառքով» ղեկավարել խոշորացված Արթիկ համայնքը «Միասնական Արթիկ» դաշինքով, նոյեմբերի երկրորդ շաբաթում որոշել է համայնքի բնակչության վճարներից ձևավորվող բյուջեից պարգևավճարներ բաժանել համայնքային բյուջետային աշխատողներին: Ակնհայտ նախընտրական նպատակներ հետապնդող այս քայլը ոչ միայն ծաղր է համայնքային աշխատողների ու քաղաքի խղճուկ բյուջեի նկատմամբ, այլ խախտում է ընտրական պրոցեսի կարևոր սկզբունքներից մեկը` հավասարության սկզբունքը:  Այն, թե ինչպիսի քաղաքական անցյալ ունի Վարագյանը, թերևս, հայտնի է բոլորին, նախկին ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր, ով այդպես էլ ելույթ չի ունեցել ԱԺ-ում, էլ ուր մնաց, ծրագիր կամ տեսլական ունենար: Ի դեպ` մեզ փոխանցեցին, որ Վարագյանի օրոք նախկինում եղել է դեպք, երբ բաժանվել, ապա ինչ-ինչ ձևերով հետ է հավաքվել պարգևավճարը ու պարզ չէ, այս անգամ ինչ է լինելու:


Նման տեղեկությունները ստիպեց մեզ ուսումնասիրել Վարագյանի կողմից գլխավորած ավագանու ցուցակի անդամներից որոշների կենսագրությունը, նախ ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները` աչք է զարնում այն, որ Վարագյանի ցուցակում ընդգրկված են բավական թվով սոցապ ծառայության աշխատողներ, ովքեր ասոցացվում են մարդկանց թոշակների ու նպաստների հաշվին հարստանալու հետ, տվյալ ոլորտի աշխատակիցներից են օրինակ` Մուշեղ Մկրտչյանը, Մեսրոպ Վարագյանը, ում կնոջ դեմ հարուցվել էր քրեական գործ` կապված նույն ոլորտում ֆինանսական չարաշահումների հետ, որից հետո նա ազատվեց աշխատանքից, ցուցակում ընդգրկված է նաև նույն համակարգից Արտակ Չոպիկյանը: Ի դեպ` մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթար Վարագյանի գլխավորած ցուցակում ընդգրկված մարդկանցից օրինակ Ոսկան Վարդանյանը և Արմեն Նիկողոսյանը (մականունը` Կուկու) ոչ իրենց, այլ փոխկապակցված անձանց անունով դեռևս քաղաքապետ աշխատող Վարագյանից ստացել են համայնքապատկան տարածքներ` հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ նշյալ բիզնեսներում աշխատանքի են տեղավորվում «զարմանալիորեն» հենց Վարագյանի ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում առ այն, որ այնուամենայնիվ իրավապահ համակարգը ռեյդներ է անելու Արթիկում, թե կոնկրետ ինչ գործերով, պարզ չէր, սակայն խոստացան, որ բավական թեժ է լինելու իրավիճակը: Արթիկի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ այստեղ 30 տարի ոչինչ չի արվել ու քաղաքը սկսել է ստանալ խղճուկ տեսք, բայց արի ու տես, որ քաղաքի ու տարածաշրջանի զարգացման համար այդ շրջանի պատասխանատուները փոխանակ պատժված լինեին, կամ գոնե չկարողանային նայել իրենց համաքաղաքացիների աչքերի մեջ, ոչ միայն թեկնածու են, այլև կարողանում են նայել ջրափոսերի միջով դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաների ու նրանց ծնողների աչքերի մեջ: Թերևս մեղավորն ընտրողներն են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե որն էր Սյունիք եւ Տավուշ սանավիացիայի միջոցով մեկնելու հրատապությունը, մանավանդ եթե ինքը բժիշկ չէ ու կյանքի-մահվան կռիվ տվող քաղաքացուն հապշտապ բուժօգնություն ցույց տալ չի կարող, Ավանեսյանը խիստ վրդովված տոնով էր արձագանքել․ «Այո, սանավիացիայից եմ օգտվել, ու եթե առաջիկայում էլ անհրաժեշտություն լինի, օգտվելու եմ բոլոր անհրաժեշտ եւ առկա միջոցներից՝ հրատապ կերպով արագ արձագանքման կամ հրատապ հարցերը կարգավորելու համար: Որեւէ արտառոց բան չկա այդ հարցում»։ Մեր մյուս հարցին, թե արդյոք ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմինները դեպքի մասով հարցեր են ուղղել կամ փաստաթղթեր պահանջել նախարարից կամ նախարարությունից, Ավանեսյանը բացառող պատասխան էր տվել։


Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, նախարարի գործողությունների ուսումնասիրության հետագա գործընթացը հանձնարարել էր Քրեական ոստիկանությանը, այսպես ասած՝ 6-րդ վարչությանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել։ Իրավապահները նախարարությունից որոշակի փաստաթղթեր են պահանջել, ընդհուպ նաեւ հիմնավորումը, թե որ դեպքում է նախատեսված օգտվել սանավիացիայից։ Այդ հարցին, ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ էր անդրադարձել՝ կետ առ կետ նշելով, թե հրատապ ինչ դեպքերում կարելի է ուղղաթիռը գործի դնել։ Դրանք են՝ գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքները՝ տրավմատիկ շոկով, պոլիտրավմաները՝ խոշոր ոսկրերի կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներով, էկզոգեն թունավորումները (կենդանիների խայթոցից, դեղորայքային կամ քիմիական նյութերով), մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքները՝ այրվածքային հիվանդությունով, ինֆեկցիոն տոկսիկ շոկով ուղեկցվող հիվանդությունները եւ վիճակները: Ծրագիրը վերաբերում է նաեւ ծննդկաններին, որոնք գտնվում են ծանր վիճակում եւ կարիք ունեն արագ տեղափոխվելու Երեւանի 3-րդ մակարդակի հաստատություններ՝ ծննդալուծման համար: Նախարարի՝ «Ա» կետից «Բ»-ն հասնելու «օպերացիան», կարծես, այդ հրատապության մեջ չէր մտնում։ Ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրներն էլ փոխանցում են, որ իրավապահներն ինչքան էլ փորփրեն միջադեպն ու փաստեր պահանջեն Առողջապահության նախարարությունից, միեւնույնն է, գործն ի վերջո կարճելու են. քաղաքական հրահանգն այդպիսին է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդեն օրենքի նախագիծ է ներկայացվել Ազգային Ժողով, որպեսզի Վճռաբեկ դատարանում առանձին վարչական պալատ ստեղծվի: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահ է ցանկանում դառնալ նաեւ Ռուզան Հակոբյանը: Հայտնի է, որ այս տարի Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա՝ ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Արդյունքում հարցն արդեն ընգրկված էր ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում, որից հետո Վճռաբեկի դատավոր ընտրվեց իշխանության «սրտի դատավոր» Հովսեփ Բեդեւյանը, եւ հիմա էլ ամեն ինչ անում են՝ նրան նշանակեն Վճռաբեկ դատարանի նոր ստեղծվելիք վարչական պալատի նախագահ: Ի դեպ, նա ընկալելի թեկնածու է կարծես խորհրդարանում, քանի որ միայն իշխող ուժի պատգամավորների ձայներով չէր, որ ընտրվեց»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա: «Աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների», - նշեց նա: Սրանից բացի, ՎԿ-ն հաշվարկել է նաև զրկվածության աստիճանը: Սա այն ցուցանիշն է, որը վկայում է մարդկանց կողմից որոշ ցանկալի կամ նույնիսկ անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման անկարողությունը: Հրապարակված ցուցանիշներից տեղեկանում ենք, որ ՀՀ բնակչության 78 %-ը իրեն չի կարող թույլ տալ առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը տնից հեռու անցկացնել: 68 %-ը առանց պարտք վերցնելու չի կարող 45 000 դրամի չափով անսպասելի ծախս կատարել, իսկ 75 %-ը չի կարող իրեն թույլ տալ կանոնավոր մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպես սպորտը, կինոն, համերգը և այլն: Բնակչության 47 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ օրը մեջ մսով, հավով, ձկով կամ համարժեք բուսակերային այլ կերակուր ուտել, 60 %-ն էլ չի կարող ավտոմեքենա ունենալ: 51 տոկոսը չի կարող ամիսը առնվազն մեկ անգամ որևէ խնջույքի մասնակցել, 42 %-ը՝ ապահովել տան բավարար ջերմությունը: Մեր բնակչության 30 տոկոսը չի կարող փոխարինել մաշված հագուստը նորով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ապահովագրությունն աստիճանաբար ներմուծվում է կյանքի բոլոր ոլորտներ՝ գույքի, առողջության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ Հայաստանում ապահովագրությունը բուռն զարգացում ապրեց 2011 թ.-ից հետո: «Հայաստանում գործում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքը, որը կարգավորում է շուկան: Վերահսկումն իրականացնում է Կենտրոնական բանկը: Ֆիզիկական անձ հաճախորդների շահերը պաշտպանելու համար 2009 թ.-ին ստեղծվել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, որի ծառայություններն անվճար են քաղաքացիների համար, ինչպես նաև՝ դատարանը: Օրենքը և նշված կառույցներն ապահովում են ապահովագրական շուկայի կայունությունը, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Ընդգծում է՝ Հայաստանում ապահովագրական շուկայի կայացման որոշակի մակարդակն ու զարգացման միտումները հաշվի առնելով կարելի է ասել, որ այն դեռևս չի դասվում զարգացած ապահովագրական շուկաների շարքին:


«Այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է ՀՀ ապահովագրական համակարգում որոշակի խնդիրներով և թերություններով: Շուկայում առկա խնդիրներից են ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությունը, ապահովագրական ընկերությունների ռիսկերի կառավարման գործընթացի ոչ լիարժեք պատկերացման և հիմնական ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմների բացակայությունը: Այս խնդիրների լուծումը կբերի ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման, ապահովագրական ընկերությունների ծառայությունների ընդլայնման, ավելի շատ հաճախորդների ներգրավման հնարավորության և վստահության: Հետևապես որպեսզի ապահովագրական շուկան լիարժեք զարգանա և կայունանա, պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ, պետք է ունենալ համապատասխան պետական կարգավորման համակարգ՝ վերահսկողության առաջադեմ, գործուն և արդյունավետ մեխանիզմների ներդրումով, որը հավասարակշռված մոտեցում կցուցաբերի ապահովագրողների վճարունակության ապահովման, արդարացի մրցակցության պայմանների ստեղծման և սպառողների շահերի պաշտպանության գծով»,-նշում է մեր զրուցակիցը:


Ընդգծում է՝ ապահովագրության ամենատարածված տեսակները ներկայումս առողջության ու մեքենայի ապահովագրությունն է: «Տեսեք՝ մեքենայի ապահովադիրն ապահովագրող ընկերության հետ ունենալով ԱՊՊԱ պայմանագիր, ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ազատվում է երրորդ անձին պատճառված վնասների հատուցման պարտավորությունից: Սակայն չունենալով ապահովագրության պայմանագիր, քաղաքացու ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի հետևանքով առաջացած նյութական կորուստները (որոնք երբեմն կարող են լինել բավականին մեծ չափերի) ստիպված եք լինելու հատուցել ինքներդ: Առողջության ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող բուժզննման ֆինանսական ծախսերը: Կա նաև գույքային ապահովագրություն, որը նախատեսում է հատուցում ապահովագրված գույքին հասցված վնասների և կորուստների դեպքում (ինչպես, օրինակ` հրդեհի, փոթորիկի, երկրաշարժի և այլ ռիսկերի դեպքում)»,-հավելում է ՀԿ-ի իրավաբանը: Ասում է՝ ապահովագրական հատուցման հետ կապված երբեմն հարցեր են առաջանում: