Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Մաթևոսյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանել և համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի նաև նորանշանակ մարզպետը։
Գնել Սանոսյանը շնորհավորել է Էդվարդ Հովհաննիսյանին կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ նա նոր մարդ չէ պետական կառավարման համակարգում, ունի աշխատանքային մեծ փորձ և վստահություն է հայտնել, որ նրա հմտությունների և աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մարզում նոր հաջողություններ կգրանցվեն։
Փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել Արմավիրի մարզը ղեկավարելը և գրանցած արդյունքը թիմային աշխատանքի հետևանք է։ Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետն ունի անհրաժեշտ աշխատանքային հմտություններն ու հնարավորությունները՝ սկսված աշխատանքը շարունակելու և նոր, կարևոր նախագծեր իրագործելու համար։
Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ ներդնելու է ամբողջ ներուժը, օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ պետական կառավարման տարածքային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: