Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքներն ազդել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Այդ մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստի ժամանակ հայտարարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում կտեղեկացվի նաև այդ մասին», - ասել է նա ու հավելել, որ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամի նվիրատու և որպես հայ, ցավ է ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար:
«Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք է ամեն ինչ անի՝ սխալներն ու թերությունները շտկելու, վստահությունը վերականգնելու համար», - նշել է նա:
Մյուս կողմից, նրա խոսքով, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ:
«Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին ու բարերարներին: Եվ ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար», - ասել է Հանրապետության նախագահը:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությունից հետո խորհուրդը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը՝ առաջինն անդրադառնալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություն-զեկույցին:
Նշենք, որ օրեր առաջ նիստին մասնակցելուց հրաժարվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը:
Հաշվի առնելով Ազգային Ժողովում այդ հարցով ստեղծված և այդ փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ Ռոբերտ Քոչարյանը գրություն է ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել:
"Համահայկական հիմնադրամի նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը: Նման միջոցառման մասնակցելու և փաստացիորեն՝ դրան հանցակից դառնալուն արդարացում չկա: Իմաստ չեմ տեսնում մասնակցել մի նիստի, որը վնասելու է համահայկական կառույցին և մեր ազգային նպատակների իրագործմանը", - ասված է Քոչարյանի հայտարարության մեջ: