24.11.2024
ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են հնչել․ կոտրել են ոստիկանների ավտոմեքենա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը դատապարտում է ՀՀ-ում բռնության միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու փորձերը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման միջադեպի մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը, իսկ ՀՀ իշխանություններին կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակին լուծում տալու համար:

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ իրենք ցավում են կատարվածի համար և վշակցում միջադեպի ժամանակ զոհված ոստիկանի, ինչպես նաև վիրավորների ընտանիքներին։ Մարկ Թոները նաև նշել է, թե Վաշինգտոնը կարծում է, որ քաղաքական խնդիրներ լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, փոփոխությունները պետք է իրականացվեն ժողովրդավարական ճանապարհով:

«Մենք միանշանակ խստորեն դատապարտում ենք Հայաստանում կամ որևէ այլ տեղ քաղաքական փոփոխությունների նպատակով բռնության կիրառումը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակը կարգավորել պատշաճ զսպվածությամը, սակայն կրկին մեր ցավակցությունն ենք հայտնում այն ոստիկաններին (նկատի ունի ոստիկանին), որոնք այդ հարձակման ժամանակ զրկվեցին իրենց կյանքից»,– ասել է նա, հայտնում է tert.am-ը։

«Դա միշտ էլ վատ գաղափար է, երբ ռազմական ուժի կիրառմամբ փորձում են տապալել կառավարությունը, որը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունեն ժողովրդավարական գործընթացների միջոցով»,– ավելացրել է նա։

Արդեն 4-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը, որտեղ վերջին տվյալներով կա 4 պատանդ։ Խմբավորման և ոստիկանության միջև փոխհրաձգության ընթացքում սպանվել է գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել է ևս ոստիկանության չորս աշխատակից: Վիրավորում է ստացել է նաև հարձակման մասնակիցներից մեկը, որի վիճակը ծանր է: Իրավապահ մարմինները շարունակում են բանակցություններ են վարել խմբի անդամների հետ: