24.11.2024
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ. Էդուարդ Աղաջանյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն իրավասու է բոլոր միջոցներով հետ մղել իր տարածքի դեմ ուժի կիրառումը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը:


«Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։


Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։


Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով հետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։


Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։


Պաշտպանության նախարարության տվյալներով ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Նոյեմբերի 16-ի կեսօրից ընթացող տեղայի մարտերի հետևանքով հայկական կողմը հայտնում է 4 վիրավորի մասին: Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։


Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։


ՊՆ-ի հաղորդմամբ, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ "Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից", - ասված է հայտարարության մեջ։