Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ. Էդուարդ Աղաջանյան
Ադրբեջանը շարունակում է զինված սադրանքների և ագրեսիայի քաղաքականությունը սահմանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Վկայակոչելով անվտանգության խորհրդի հայտարարությունը՝ Աղաջանյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին սահմանագոտու արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը, օգտագործելով ռազմական տեխնիկան, ներխուժել է Հայաստանի տարածք։ Բանակցությունների արդյունքում ռազմական տեխնիկան և ադրբեջանցի զինվորականների մեծ մասը տարվել են ելման դիրքեր, սակայն հայկական կողմը դիրքային կորուստներ է ունեցել։ Տեղի ունեցածի արդյունքում ադրբեջանական կողմն ամրապնդել է իր ներկայությունը Հայաստանի տարածքում, որն ապահովվել է իր այս տարվա ներխուժման արդյունքում։
«Այս տարվա մայիսի 12-ի ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է Հայաստանի 41 քառ. կմ տարածքի օկուպացիան։ Ադրբեջանի իշխանությունները ագրեսիվ հայտարարություններով են հանդես գալիս Հայաստանի հասցեին ՝ ըստ էության ստեղծելով Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության նոր սպառնալիքներ։ Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ամենօրյա բնույթ են կրում։ Այս իրավիճակն ուղղակի սպառնալիք է ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար։ Մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես եկավ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մոնիթորինգ իրականացնելու նպատակով ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան ուղարկելու նախաձեռնությամբ: Ցավոք, նախաձեռնությունը մինչ օրս չի իրականացվել», - ասել է նա։
Պատգամավորը կոչ է արել ՀՀ կառավարությանը հանդես գալ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու նախաձեռնությամբ: Աղաջանյանը կոչ է արել պատգամավորներին իրազեկել միջազգային կառույցներում Ադրբեջանի ագրեսիվ և օկուպացիոն գործողությունների մասին: