24.11.2024
Զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկաններին
prev Նախորդ նորություն

Բիշարյան. Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, սակայն բացառապես քաղաքական պայքարի միջոցով

Առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանում այլևս անհրաժեշտ է իշխանափոխություն՝ դրանից բխող կադրային լրջագույն փոփոխություններով, սակայն դա պետք է լինի բացառապես քաղաքական պայքարի և քաղաքական գործիքների ու մեխանիզմների միջոցով: Այս մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Վերջինիս համոզմամբ, Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել երկրում առկա ոչ միայն սոցիալ-տնտեսական բազմահազար խնդիրները, այլև հոգեբանական այն խորը փոսը, որտեղ հայտնվել ենք ազգովի, անհրաժեշտ է վերականգնել մարդկանց հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ: Այլ կերպ հնարավոր չէ:

«Այն, ինչ տեղի է ունենում Երևանում փաստ է՝ լավ օրից չէ՝ աղքատության ճիրաններում հայտնված միլիոնավոր մարդիկ, պարտքերի ու վարկերի տակ կքած հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, արտագաղթի ճանապարհը բռնած տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մեռնող ու քայքայվող մանր ու միջին բիզնես ու տնտեսություն, վերջապես իր ընտանիքի մինիմալ հոգսերը հոգալ չկարողացող հայ տղամարդ: Սա է այսօրվա մեր երկրի իրական պատկերը: Ու սա է մարդկանց ստիպում գնալ նման կտրուկ քայլերի: Կանգ առնել է պետք, մոտեցումների ու վարվող սոցիալական, տնտեսական քաղաքականության վերանայում է պետք: Այլ կերպ մենք ոչ մի տեղ չենք գնալու»,- նշել է պատգամավորը:

Միակ ցանկությունն է, որպեսզի հնարավոր լինի մտահոգիչ այս իրադարձությունների ավարտին մոտենալ հնարավորինս արագ ու առանց անդառնալի կորուստների: Բիշարյանի համոմզմամբ՝ հնարավոր չէ երկիր կառուցել, առաջ գնալ մեր իսկ հայրենակիցների արյան ու կյանքի հաշվին:

«Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարծում եմ պետք է պայքարել ու հասնել իշխանափոխության բացառապես օրինական ու ընդունված մեթոդներով, ոչ թե հայրենակցի կյանքի գնով, ոչ թե հայ ընտանիքը առանց հոր, առանց որդու, առանց կերակրողի թողնելու գնով: Մեր երկիրը կանգնած է արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների առջև, իսկ այն, ինչ տեղի է ունենում մայրաքաղաքում, արդեն ունեցավ ու դեռ կարող է ունենալ անկանխատեսելի ու ցավալի հետևանքներ»:

Հեղինե Բիշարյանը նաև հույս է հայտնել, որ հասարակությունը սթափ կգնահատի այսօրվա իրավիճակն ու տարատեսակ կոչերը և չի ներքաշվի ոչ մի տեղ տանող այս գործընթացի մեջ:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուս՝ վիրավերվել:

Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Ոլոդյան Ավետիսյանին: Բացի այդ նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: