24.11.2024
Զինված հարձակում Երևանում. Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել
prev Նախորդ նորություն

Սոցցանցեր. Հայաստանում ոստիկանանկան տեռոր է

Շաբաթներ առաջ զերբակալված արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչ, Հիմնադիր խոհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ երեք տասնյակ աջակիցների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի հուլիսի 17-ին գրավումից ժամեր անց, երկրում, ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների, համատարած ընդդիմադիր գործիչների են բերման ենթարկում:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին ոստիկանները պատրաստվում են բաժին տանել։ Տեղեկատվությունը հաստետաել հենց Շահեն Հարությունյանը։ Նա ասել է, որ առավոտից ոստիկաններն իր բնակարանում են, եւ այս պահին սպասում են, որ Շահենը պատրաստվի եւ տանեն բաժին։

Խուզարկություն Հարությունյանի բնակարանում չի կատարվել։ Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ են ոստիկանները նրան ոստիկանական բաժին տանում, Շահեն Հարությունյանն ասաց, որ իրեն այդ մասին իրավապահները ոչինչ չեն հայտնում։

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնում է, որ իրեն տանում են ոստիկանության Շիրակի վարչություն, առանց հիմքի: Ավելի քան 7 հոգի էլ բերման են ենթարկվել հենց դեպքի վայրին հարակից տարածքում հավաքված մարդկանցից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Հովհաննես Ղազարյանը եւ Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբաններ Արայիկ Զալյանը եւ Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով:

Ավելի քան մեկ ժամ փաստաբանները փորձում են մուտք գործել ոստիկանության Բազումի բաժին, սակայն նրանց թույլ չեն տալիս:

Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ:

Ազատության հրապարակից եւ դրա մերձակա տարածքներից ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում կանանց եւ անչափահաս մի տղայի: Բերման ենթարկվածների թվում է նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը: Ոստիկանները փորձեցին նաեւ մի քանի երիտասարդների բերման ենթարկել Ազատության հրապարակին կից գտնվող սրճարաններից, սակայն սրճարանների աշխատակիցների հետ բանակցելուց հետո ոստիկանները հեռացան:

«Այս պահին երկրում ոստիկանական տեռոր է: Առավոտվանից արգելափակում էին Facebook-ը, սահմանափակում են ԶԼՄ-ների աշխատանքը, փողոցներից մարդկանց (անգամ անցորդներին) հենց այնպես տանում են բաժին, այցելում են քնած ակտիվիստների բնակարաններ, փաստաբաններին չեն թողնում տեսակցել ձերբակալվածների հետ», - այս մասին իր Facebook-ի էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Հատկանշական է, որ այն պահին, երբ ողջ սոցցանցերն ու համացանցային լրատվամիջոցները հաղորդում են զինված հարձակման մասին, ռեպորտաժներ անում դեպքի վայրից, հեռուստաալիքների մեծ մասն անգամ անոնսի տեսքով չեն հաղորդում Երևանում կատարվող իրադարձությունների մասին: Հեռուստաալիքներն այս կերպ արձագանքեցին նաեւ անցյալ տարի մայիսին էլելտրաէներգիայի սակագների թանկացամն հետեւանքով Երևանում սկիզբ առած մասսայական բողոքի ցույցերին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուս՝ վիրավերվել:

Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Ոլոդյան Ավետիսյանին: Բացի այդ նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: