ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
Այս շաբաթ լրանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում ռազմական գործողությունների դադարեցման առաջին տարին։ ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում հասցված մարդկային կորուստների համար և իր զորակցությունն է հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ:
«Թեև ռազմական գործողությունները դադարել են, շատ առկախված հարցեր դեռևս լուծման կարիք ունեն՝ ուղի հարթելու դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում։ Մենք, մասնավորապես, կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մյուս բոլոր գերիներին, լիակատար համագործակցել ականազերծման հարցում և թուլացնել լարվածությունը սահմանային շրջաններում։
ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկասի խթանմանը և ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինության ու հետպատերազմական վերականգնման գործընթացներում: Մենք կարևոր դերակատարում ենք ստանձնել գերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում։ ԵՄ-ն նաև աջակցել է հակամարտության ազդակիր բնակչությանը՝ տրամադրելով ավելի քան 17 մլն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և վաղ վերականգնման նպատակով: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել սահմանների դեէսկալացիային և սահմանազատմանը` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ըստ կողմերի անհրաժեշտության, և խրախուսում է փոխկապակցվածությունն ու տնտեսական համագործակցության վերաբացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Ապագային ընդառաջ՝ համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար։ Այս նպատակին հետամուտ՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվ կապի մեջ մնալ համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիովին աջակցում է նրանց՝ իրականացնելու իրենց մանդատը` աշխատանք տանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: