Եկել է տարածաշրջանային «3 + 3» ձևաչափը գործարկելու ժամանակը. Զախարովա
Ռուսաստանը աջակցել է «3 + 3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը ելնում է նրանից, որ այս ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, Զախարովան նշել է, որ Թբիլիսին հակասական հայտարարություններ է հնչեցնում այս հարթակին մասնակցելու վերաբերյալ.
«Վրաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը այս հարցում»,- ասել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ իր վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «3 + 3» ձևաչափը կարող է հետաքրքրել Հայաստանին, եթե այն միտված չէ փոխարինելու գործող ձևաչափերին։
Արցախի հարցով, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3 + 3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Իրանը ողջունել է այս գաղափարը՝ խոստանալով իր պատրաստակամությունը աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։