Ադրբեջանի ՊՆ պնդումը, թե 60 հայ զինծառայող շրջափակման մեջ է ընկել ապատեղեկատվություն է. ՊՆ
Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դա ապատեղեկատվություն է.
"Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո"։