Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն. ԱՀ ԳԴ
Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
2021թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում արցախահայությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու նպատակով, ազգային ու կրոնական ատելության շարժառիթով, հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակիցներ` Ստեփանակերտ քաղաքի 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանին սպանելու, ինչպես նաև նույն նպատակով Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի կապակցությամբ նույն օրը ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ և 14-րդ կետերով (Սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, զուգորդված ահաբեկչությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանական կողմի կատարած հանցավոր արարքների քննության արդյունքում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված ապացույցները վերահաստատում են մշտապես կրկնվող մեր այն դիրքորոշումը, որ ինչպես նմանատիպ յուրաքանչյուր անհատական դեպք, այնպես էլ դրանց ամբողջությունը հետապնդում է մեկ միասնական նպատակ` ցանկացած գնով ահաբեկելու արցախահայությանը, հեղինակազրկելու ռուսական խաղաղապահ ուժերին` այդ կերպ Արցախում բնակվող անձանց մոտ ձևավորելով անպաշտպանության զգացում և Արցախը լքելու մտադրություն:
Հայատյաց ու ցեղասպան նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունը իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին: