Անդրանիկ Քոչարյանը վտանգավոր է որակել Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր տեղակալի ընտրության քննարկման ժամանակ անդրադարձավ երեկ ընդդիմության հանրահավաքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որում վերջինս խոստացել է «գործող իշխանություններին վտարել կա՛մ ընտրություններով, կա՛մ բարիկադներով»:
«Նոր բարիկադների մասին հայտարարությունը, որը ես լսել եմ երեկվա հանրահավաքի ժամանակ, չափազանց վտանգավոր եմ համարում։ Ընտրություններից հետո բարիկադներ չկան, կան քաղաքական հարցերի քննարկման պետական հարթակներ, այդ թվում՝ մեր հանձնաժողովը»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը տարակուսած հարցրել է, թե ինչո՞ւ ստեղծել ջոկատներ, ինչի մասին նախօրեին նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս հարցի պատասխանը ստանալու համար պարոն Օհանյանը պետք է գոնե այստեղ լիներ՝ հանձնաժողովի նիստին»,- ասաց նա։