24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք. 45 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Պետ​​բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 2022-ին կավելանան 55%-ով, ռազմական ծախսերը՝ 11%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում այսօր ներկայացրեց 2022 թվական պետական բյուջեի նախագծի մանրամասները:


Վարչապետն ընդգծեց՝ 2022 թվականի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ:


Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 17 տոկոսով, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 25 տոկոսով: Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 10 տոկոսով, 2020 թվականի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022 թվականի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավելի է 55 տոկոսով, 2020 թվականի նկատմամբ՝ 53 տոկոսով:


"Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում",- ասաց նա:


Ռազմական բյուջե


2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021 թվականի պլանի համեմատ, ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն շարժվելու է Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու է սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով Հայաստանի Հանրապետության պաշտպանական դոկտրինը:


"Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն, և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը: Հայաստանի Հանրապետության տարածքից՝ մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն? ?րի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար",- նշեց նա:


Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանական ռազմավարությանը, Կառավարության ծրագրում, հիշեցրեց վարչապետը, արդեն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար.


"Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի",- ընդգծեց նա։


Հավելելով, Փաշինյանն ասաց, որ անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը։


Կրթություն և գիտություն


"Պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է",- նշեց Փաշինյանը:


Ըստ այդմ, տեղեկացրեց նա, 2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայում ընթացող շինարարական աշխատանքները, և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների և 500 նախադպրոցական հաստատությունների կառուցումը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։


"2022 թվականին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարն ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է՝ անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և այստեղ էլ Կառավարությունն արդեն իսկ ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր",- տեղեկացրեց նա։