VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի հաղթանակ տանելը, ինչը նշանակում է, որ Մարությանը կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի վերջին օրը: Ինքը` Մարությանը, իր շրջապատում հույս է հայտնել, որ Երեւանի թեման այս ընտրություններով վերջնականապես փակվեց: Նշենք, որ իշխանության ներսում այնպիսի նեգատիվ վերաբերմունք կար Մարությանի նկատմամբ, որ քննարկում էին վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ անելու եւ, ասենք, Փարաքարը Երեւանին միացնելու միջոցով նոր ընտրություններ անցկացնելու հարցը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններում կրած պարտությունն իշխանության աչքը վախեցրել է՝ վերանայում են մարտավարությունն ու թեկնածուներին: Օրինակ, Արարատի ՔՊ կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում, եւ առաջարկում են հրաժարվել նրա թեկնածությունից, թեեւ այս կարճ ժամանակում նոր մարդ գտնելը բարդ է: Փոխարենը վստահ են, որ Արտաշատի թեկնածուն լավն է՝ Ռոբերտ Մկրտչյանը՝ ՔՊ տարածքայինի ղեկավարը։ Կասկած չունեն, որ հաղթելու են Ջերմուկում, որտեղ համայնքապետի ԺՊ նշանակվեց Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։ Իսկ դեկտեմբերին, հիշեցնենք, ընտրություններ կլինեն Աշտարակում, Արարատում, Մարտունիում, Սեւանում, Արմավիրում, Վայոց Ձորում եւ այլուր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել, ուստի որոշել են առաջ մղել ցուցակի 2-րդ համարի թեկնածու Մանվել Ոփյանին: Նա դասախոս է, գիտությունների թեկնածու, նաեւ` բիզնեսմեն. «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերը եւ բավականին հեղինակություն է վայելում, այնպես որ, կկարողանա Մամիկոն Ասլանյանին լուրջ մրցակից լինել: Ոփյանին հնարավոր է աջակցի նաեւ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Իսկ Ասլանյանը, որի փոխարեն վերջերս ապօրինաբար ԺՊ նշանակեցին, դաշինքով է մասնակցելու։ Նա բանակցել է մի շարք կուսակցությունների հետ, նախ` ՔՊ-ի, ապա Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» հետ: Քոքոբելյանը՝ որպես իջեւանցի, խոստացել է ապահովել Փաշինյանի չեզոքությունը, բայց չի կարողացել այնպես անել, որ Ասլանյանը մինչեւ ընտրությունները մնա ԺՊ-ի կարգավիճակում: Դաշինքը, հավանաբար, կկոչվի «Ասլանյան դաշինք», թեեւ դեռ պարզ չէ, թե որ ուժերը կմտնեն: Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաեւ «Հայրենիք» կուսակցությունը` ավագանու անդամ Վահե Դոխոյանով, որը լավ շանսեր ունի։ «Հայաստան» դաշինքը քննարկում է մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի եւ ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի թեկնածությունները: Մարուքյանենք կառաջադրեն նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանին։ ԲՀԿ-ի թեկնածուն ԲԷՑ-ի «Հյուսիսային մասնաճյուղի» նախկին տնօրեն Էդգար Բոջուկյանն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, մարզերում շարունակում է չափազանց կարևոր մնալ անձերի գործոնը, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շարունակում են ընկալվել այս կամ այն անձին համայնքի ղեկավար ընտրելու միջոց։ Այս առումով հետաքրքիր իրավիճակ է նախկին Նոյեմբերյանի շրջանի ամբողջ տարածքը ընդգրկող խոշորացված համայնքի ընտրություններ ի առումով, որտեղ պայքարը ոչ թե քաղաքական ուժերի, այլ հիմնականում անձերի մեջ է։ Այս պահին արդեն կարելի է ասել, որ պայքարն ընթանում է երեք բավականին ուժեղ թեկնածուների՝ գործող համայնքապետ Կարեն Աբազյանի, Կողբի արդեն նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանի միջև։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք, համապատասխանաբար, առաջնորդելու են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունների համամասնական ցուցակները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գորիսի ավագանու ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ առավել քան համոզիչ հաղթանակից հետո իշխանությունները զբաղված են «մանդրաժից» դուրս գալու ելքեր որոնելով: Բացի իրենց պարտությունը «պատվով» գնահատելուց, անցած երկու օրերին իշխանությունները այլ մեթոդներ էլ փորձեցին կիրառել: Դրանցից մեկն այն էր, որ փորձեցին տեղեկատվական հարթակներով տարածել, թե իբր իրենք էլ շատ ուրախ են, որ Առուշ Առուշանյանը հաղթել է, թե իբր իրենք այդպես էլ ցանկանում էին: Նպատակը պարզ է՝ ցույց տալ, թե նման արդյունք չէր լինի, եթե իրենք այդպես չցանկանային: Նույն այդ տրամաբանությամբ էլ դաշտ է նետվում թեզը, թե Փաշինյանն անձամբ չի խառնվել Գորիսի ընտրություններին: Իրականում այս ամենը խայտառակ պարտությունը «նրբացնելու» մեթոդ է, իսկ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Գորիսում հաղթելու համար: Տևական ժամանակ Առուշ Առուշանյանին անազատության մեջ պահելը հենց Փաշինյանի ցանկությամբ ու հրահանգով է: Դրանից բացի, ընտրությունների օրը հենց նրա հրահանգով են Գորիս տարվել իրավապահ մեծաքանակ ուժեր և որոշ «գրպանային իրավապաշտպաններ»: «Փաստի» ունեցած տեղեկություններով, ծրագիրն այսպիսին է եղել. ՔՊ-ի օգտին վարչական ողջ ռեսուրսի կիրառմանը զուգահեռ՝ նաև նշյալ «իրավապաշտպանների» «ահազանգերի» արդյունքում իրականացնել Առուշանյանի մեծաթիվ կողմնակիցների ձերբակալություններ, որպեսզի մյուսները վախենան ու ակտիվություն չցուցաբերեն, չգնան ընտրությունների: Սակայն մի շարք պատճառներով, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների ուշադրությունը Գորիսի ընտրությունների նկատմամբ մեծ էր, և այստեղ բավականաչափ լրագրողներ էին աշխատում, ծրագրվածի մեծ մասը չաշխատեց: Ի դեպ, Գորիսում կարծիք կա, որ եթե այդչափ վարչական ռեսուրս չկիրառվեր, Առուշանյանի քվեներն ավելի շատ կլինեին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը եւ դեկտեմբերյան ընտրություններին կենաց-մահու կռիվ են տալու։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն եւ վերանայեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։ Նոյեմբերի ընտրությունների պահն արդեն բաց են թողել` առաջադրումներն ավարտվել են, սակայն այսօրվանից սկսվելու են դեկտեմբերի 5-ի ընտրությունների առաջադրումները։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ընդամենը երեք խոշոր համայնքներում են ընտրություններ նշանակված՝ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում եւ Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջեւանում, որտեղ, հիշեցնենք, մոտ 2 տարի է՝ քաղաքապետի ԺՊ է պաշտոնավարում։ Իսկ դեկտեմբերին ընտրությունների բում է սպասվում, ինչը պայմանավորված է իշխանությունների քաղաքական որոշմամբ, այն է՝ համայնքների մասսայական խոշորացման գործընթացով, ինչը նշանակում է վերադարձ նախկին Սովետական Միության շրջանային կառավարման սկզբունքին։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունները նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ ողջ ուժերը կենտրոնացրել են Կապանում, որտեղ ՔՊ թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի սանիկն է` նկարիչ Դավիթ Դանիելյանը, ում զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը ԿԳՄՍ նախարարի, ապա ՊՎԾ պետի օգնականն է, իսկ հունիսի 20-ից` ՔՊ պատգամավոր:
Եվ հիմա ՔՊ մեծամասնությունը վստահ է, որ, Գորիսի պես, Կապանում էլ են պարտվելու, քանի որ Դանիելյանի մրցակիցը կապանցիների սիրելի Գեւորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինքի» ցուցակով։ Ստեփանավանում ՔՊ-ի հույսը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որն այդ պաշտոնին նշանակվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո։ Իշխող թիմում հույս ունեն, որ մեկ տարում նա ոտքն այնքան է պնդացրել, որ վարչական լծակների շնորհիվ կընտրվի։ Այստեղ երեք ուժ է մրցակցելու․ ԲՀԿ-ն ներկայանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանի առաջնորդությամբ։ Մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը։ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը եւ մյուսներն արդեն մի քանի շաբաթ է՝ հայրենի Ստեփանավանում ակտիվ նախընտրական քարոզարշավ են իրականացնում, իսկ վերջին օրերին, մեզ ասացին, աշխատում են շուրջօրյա գրաֆիկով, որպեսզի Ստեփանավանը ձեռքից բաց չթողնեն։ Ինչ վերաբերում է Իջեւանին` այստեղ կմրցեն ՔՊ-ն եւ Դաշնակցությունը, համայնքապետի ԺՊ Արթուր Ճաղարյանը, որը մարզպետ Ղալումյանի ընկերն է, ՀՅԴ-ի թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է։ 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանն է հատկացրել 25 մլն 249 հազար դրամ։ Որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում։ Եթե նոյեմբերյան ընտրությունների առաջադրումներն այլեւս անշրջելի են, եւ այդ փուլն ավարտվել է, ապա դեկտեմբերին տասնյակ համայնքներում սպասվող ընտրություններին իշխանությունը դեռ ծանրութեթեւ անելու ժամանակ ունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեղրիում առավելագույն ձայներ ստացած թեկնածու Բագրատ Զաքարյանը, որ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն է ներկայացնում, նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ է համագործակցել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընտրությունների ժամանակ նա անգամ ՔՊ շտաբի պետ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով իշխանության ու Զաքարյանի ջրերը մի առվով չեն հոսել, եւ նա միացել է Արամ Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Զաքարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն է ավարտել, աշխատել ԱԻՆ-ում ու մաքսային համակարգում: Եվ ինչպես բոլոր կայացած անձանց դեպքում, իշխող ՔՊ-ն նրան նույնպես որոշ ժամանակ անց չի հանդուրժել: «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցելու փաստը Զաքարյանը չբացառեց մեզ հետ զրույցում: «Այս պահին քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- նշեց նա՝ այդպես էլ չհերքելով, որ իշխանության հետ ինչ-որ ժամանակ հարաբերություններ է ունեցել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ Զաքարյանը նախկինում կարող է համգործակցած լինի իրենց հետ: «Համենայնդեպս, նրա անունը ծանոթ է,- ասում է ու հավելում։- Քաղաքական գործընթացների ժամանակ երբեմն-երբեմն նեղացվածության դեպքեր լինում են, առաձին անհատներ, գործընկերներ չեն հասկանում միմյանց: Կարող է եւ այդպես է, չեմ կարող ասել, բայց կոնկրետ ես այդքան էլ ընկճված չեմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը Մեղրիում հաղթանակ է տոնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն այնպես անել, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարան ներկայանան կառավարության առաջին դեմքերը եւ ներկայացնեն բյուջեի նախագիծը, պատասխանեն պատգամավորների հարցերին: Այժմ հենց այդ աշխատանքներն են տարվում, որպեսզի բոլոր առաջին դեմքերն այդ օրերին լինեն Հայաստանում եւ ներկայանան խորհրդարան: Խոսքը հատկապես նոյեմբերի 3-ին խորհրդարանում սպասվող քննարկումների մասին է, երբ խորհրդարան պետք է գան իրավապահ համակարգի ներկայացուցիչները եւ մասնակցեն Պետաիրավական հանձնաժողովի նիստին: Այդ օրը սպասվում է, որ խորհրդարան են գալու Հառակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Նշենք, որ այդ օրը բյուջեի քննարկումների ամենաթեժ օրերից է, երբ խորհրդարան են գալու նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՊՊԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ այլք: Նշենք, որ այսքան ժամանակ առաջին դեմքերը շատ հազվադեպ են ներկայացել խորհրդարան, ինչպես, օրինակ, Արմեն Աբազյանը, Արգիշտի Քյարամյանը. այս պաշտոններում նրանք նոր են նշանակվել, եւ բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, անհամբեր սպասում են, որ նշված պաշտոնյաները գան խորհրդարան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արեւմտյան իշխանությունների եւ միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երեւում է սորոսական շրջանակների դժգոհություններից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան: Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, եւ չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում: ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը եւ վիրավորանքը մեզանում քրեականացվել են, եւ բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված: Հաջորդ ուղղությունն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կամայական է կիրառվում` միայն իշխանությունների թիրախների նկատմամբ: Մյուսը վերաբերում է համայնքների խոշորացմանը, որը եւս, ըստ ամերիկյան հայացքի, համապատասխանեցվում է իշխանությունների քիմքին: Եվ վերջապես, ամերիկյան կառավարությունը մտահոգված է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներից: Մենք ենթադրում ենք, որ Գորիսի փոխքաղաքապետին եւ Սիսիանի քաղաքապետին հապճեպ ազատ արձակելու հիմքում նաեւ այս դժգոհություններն են ընկած":
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը «մուննաթ» է գալիս ամբողջ հայ հասարակության վրա, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մեկտեղ բոլորով չեն լծվել որոնողական աշխատանքներ իրականացնելուն: Նա նաեւ մատ է թափ տալիս լրագրողների վրա, թե բավ է շահարկեն անհետ կորածների հարցը: Երիտասարդ պաշտոնյային թերեւս հիշեցնելու ու հուշելու անհրաժեշտություն կա, որ թե՛ իր զոհված եղբոր (նրա հիշատակը՝ անմար), թե՛ հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի խեղման մեղավորը ո՛չ լրագրողներն են, ո՛չ էլ հայ հասարակությունը: Հանուն հայրենիքի պաշտպանության ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացնողների ու բանակին կամավորագրվածների հետագա ճակատագրով ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվեր, հետեւաբար առնվազն գեղեցիկ ու ճիշտ չէ պատկան մարմինների սխալների ու անգործության համար այլ մեղավորներ փնտրել, դեռ մի բան էլ «մուննաթ» գալ:
Հարգելով զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի վիշտը՝ լրագրողները երբեք ու երբեք այնպիսի հարցեր չեն բարձրաձայնել, որ ցավեցնեն կամ վիրավորեն որեւէ մեկի հարազատի, իսկ վարչապետի երիտասարդ օգնականն իրեն իրավունք է վերապահում վեհ կերպարի մեջ մտնել ու դաս տվողի բառապաշարով խոսել բոլորիս հետ: Ծնունդով իջեւանցի երիտասարդը վարչապետի օգնականի պաշտոնին է նշանակվել պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին: Իր իսկ նշանակման մասին նույնպես իրոնիայով է խոսում. լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես վարչապետի օգնական նշանակվեց, պատասխանել է. «Տունը քնած էի, զանգեցին, ասին՝ կուզե՞ս օգնական, ես էլ մանկուց երազում էի, ասացի՝ այո»: Ի դեպ, անհետ կորած զինծառայողների ընտանիքները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից կառավարության կողմից դադարեցվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության գումարների տրամադրումը: Այն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում բողոքի ալիք է առաջացրել: Տեղեկացնենք, որ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրվում էր յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով: Ի դեպ, աջակցության վճարման ժամկետը 9 ամիս էր սահմանվել, սակայն սեպտեմբերին այն դադարեցվել է: Լավ կլիներ՝ զոհվածի եղբայրը, որը վարչապետի օգնական է դարձել, այս հարցը նույն «մուննաթով» փորձեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի մոտ, եթե կհամարձակվի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում, որ պետական պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելը պարտադիր է դարձել: Օրերս էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել էր, թե «այդպիսին է սահմանված նոր կարգը», և այդ կարգը որոշվել է կառավարությունում: «Փաստ» թերթը դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
1.Ինչպե՞ս է սահմանվել այդ կարգը, ադյո՞ք կա համապատասխան փաստաթուղթ (շրջաբերական, ցուցում, որոշում, նորմատիվ իրավական այլ ակտ):
2.Արդյո՞ք վարչապետի լուսանկարը փակցնելը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, և նշյալ կարգին չենթարկվելու դեպքում ի՞նչ է սպասվում այդ պաշտոնյաներին:
3.Արդյո՞ք այդ կարգը սահմանվել է Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, եթե ոչ, ապա ինչպե՞ս է նա վերաբերվում այդ կարգին:
4.Ինչո՞ւ է վարչապետի լուսանկարը փակցվում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն է համարվում պետության գլուխը: Վարչապետի աշխատակազմից նշյալ չորս հարցին ստացել ենք աննախադեպ «սպառիչ», «համապարփակ», «հարցերի տեղիք չտվող» այսպիսի պատասխան. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նման կարգ սահմանված չէ»: Դե, սահմանված չէ, ուրեմն՝ սահմանված չէ: Մի խոսքով, ստացվում է, որ պաշտոնյաները խիստ կամավոր սկզբունքով, բոլորը միասին հանկարծ որոշել են իրենց գլխավերևում փակցնել Փաշինյանի նկարը ու, միևնույն ժամանակ, շատ ինքնաբուխ հայտարարել, որ այդպես է պետք, այդպես է «կարգը»: Այ քեզ «ինքնագլխություն»: Հետաքրքիր է՝ այդ պարագայում նման «ինքնագործունեությանը» ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանը, և ինչպե՞ս նա կվերաբերվի, եթե նախարարներն իրենց աշխատասենյակներից սկսեն հանել վարչապետի լուսանկարը (քանզի նման կարգ սահմանված չէ) կամ ՀՀ նախագահի լուսանկարը փակցնեն՝ որպես պետության գլուխ»: