Սրտային հիվանդները կարող են և պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ. սրտաբան
Սրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք առավել խոցելի են կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում: Նրանք ծանր են տանում հիվանդությունը, եւ բացասական հետեւանքների հավանականությունը, ընդհուպ մինչ մահ, նման հիվանդների ավելանում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հատկապես ռիսկի խմբում են գտնվում այնպիսի քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները, ինչպիսիք են զարկերակային հիպերտենզիան, սրտի անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը: Կարեւոր է հաշվի առնել կորոնավիրուսի պաթոգեն ազդեցությունը սրտի վրա, ինչը կարող է հանգեցնել սրտի վնասմանը, սրտի կաթվածին, սրտի ռիթմի խանգարմանը եւ այլն: Այդ իսկ պատճառով, կարծում է փորձագետը, այս կատեգորիայի քաղաքացիների համար չափազանց կարեւոր են կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես՝ պատվաստումը։
Նա նշել է, որ սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց պատվաստման համար բացարձակ հակացուցումներ ներկայումս չկան: Սրման դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ պատվաստման ժամկետները որոշակի ժամանակով տեղափոխել:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստան ներկրված պատվաստանյութերի շարքում կան անցանկալի պատվաստումներ այդ կատեգորիայի քաղաքացիների համար, Հայրապետյանը նշել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերի մասին տարբեր բաներ են գրում, բայց անկախ դրանից, ավելի ճիշտ է պատվաստվել, քան խուսափել դրանից:
«Գրականության մեջ նկարագրված են դեպքեր թրոմբային բարդությունների, բայց պետք է հասկանալ, որ ցանկացած դեղ կարող է առաջացնել այս կամ այն բարդությունների և ամենևին պարտադիր չէ, որ դրսևորում է բոլոր նկարագրված կողմնակի բարդություններ: Ես AstraZenek-ի պատվաստումն եմ անցել», - վստահեցրեց նա։